ԵԱՀԿ Մինսկի խումբը չի ճանաչի Լեռնային Ղարաբաղում անցկացվելիք սահմանադրական հանրաքվեի արդյունքները
Փետրվարի 17-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) Մյունխենում հանդիպում են ունեցել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հետ։ Այս մասին հաղորդում է ԵԱԿՀ պաշտոնական կայքը։ Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը։
Մինսկի խմբի համանախագահները երկու երկրների արտգործնախարարներին կոչ են արել պահպանել 1994-1995 թ.թ. ձեռք բերված հրադադարի ռեժիմը՝ նշելով, որ դրա խախտումը հակասում է կողմերի ստանձնած՝ ուժի կիրառումից զերծ մնալու հանձնառությանը։
Համանախագահները Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարներին կոչ են արել պահպանել նաև 2016 թվականին Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները։
Համանախագահները խոստովանել են, որ ՀՀ իշխանությունների կայացրած՝ ադրբեջանցի դիվերսանտի դիակը վերադարձնելու մասին որոշումը մարդասիրական մեծ քայլ էր և կարող է օգնել բանակցային գործընթացին։
Հայտարարության մեջ անդրադարձ է կատարվել նաև փետրվարի 20-ին Արցախում կայանալիք սահմանադրական հանրաքվեին. «Համանախագահները տեղյակ են, որ 2017 թ. փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղում կայանալու է այսպես կոչված սահմանադրական հանրաքվե։ Չնայած՝ համանախագահները հասկանում են, որ նման հանրաքվեի անցկացումն ուղղված է հասարակական կյանքի կազմակերպմանը, սակայն կրկին ընդգծում են, որ ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը և ոչ էլ որևէ այլ պետություն չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ, ինքնիշխան պետություն։ Ըստ այդմ՝ համանախագահները չեն կարող ընդունել անցկացվելիք հանրաքվեի արդյունքները որպես ազդեցություն Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի վրա»։
Հայտարարության վերջում նշվում է, որ համանախագահները տարածաշրջան կայցելեն առաջիկա մարտին։
Նշենք, որ փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղում կացնկացվի սահմանադրական հանրաքվե։ Նախնական տվյալների համաձայն՝ քվեարկությանը կարող է մասնակցել ավելի քան 100 հազար մարդ։