ԵԱՀԿ Մինսկի խումբը կոչ է անում թույլ տալ տարհանել ադրբեջանցի սպանված դիվերսանտների մարմինները, որոնք մնացել են չեզոք գոտում
Փետրվարի 26-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) համատեղ հայտարարություն են տարածել վերջին օրերին Արցախի և Ադրբեջանի սահմանին ռազմական գործողությունների ակտիվացման հետ կապված։ Այս մասին գրում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը։
«Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարությունների զեկույցների, ինչպես նաև այլ աղբյուրների համաձայն՝ փետրարի 25-ի վաղ առավոտյան շփման գծում գրանցվել են հրադադարի ռեժիմի խախտումներ, ինչի հետևանքով եղել են նաև զոհեր։ Մի քանի մարմին դեռ չեզոք գոտում է։ Կողմերը միմյանց մեղադրում են հարձակման փորձի մեջ։
Համանախագահները կոչ են անում կողմերին ծանր ռազմական տեխնիկան, որն ավելի վաղ մոտեցվել էր շփման գծին, պահել ներկա դիրքերում՝ թույլ տալով տարհանել մահացածների դիերը, ինչպես երեկ համաձայնեցվել էր ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի միջնորդությամբ։
Համանախագահները կողմերին հիշեցնում են ուժի կիրառումից զերծ մնալու իրենց հանձնառության մասին», - ասվում է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ փետրվարի 25-ին՝ ժամը 03:00-ի և 04:00-ի սահմաններում, շփման գծի միանգամից երկու` հարավարևելյան (Մարտունի) և արևելյան (Ակնա) ուղղություններով հակառակորդը ձեռնարկել էր հարձակման փորձ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները երկու ուղղություններում էլ ժամանակին արձագանքել են և, թշնամուն կորուստներ պատճառելով, հետ են շպրտել ելման դիրքեր: Հակառակորդը դիմել է փախուստի՝ չեզոք գոտում թողնելով սպանված դիվերսանտների դիերը։
Միջդիրքային գոտում թշնամու սպանված զինծառայողների դիերի առկայության փաստը անառարկելիորեն վկայում է ադրբեջանական կողմի նախահարձակ լինելու մասին։