ՀՀ նախագահը հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հետ

Փետրվարի 27-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հետ։ Այս մասին հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

Հանդիպումից հետո Սերժ Սարգսյանը ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հետ հանդես է եկել համատեղ մամուլի ասուլիսով։

«Այս տարի լրանում է Հյուսիսատլանտյան դաշինքի հետ Հայաստանի համագործակցության 25-ամյակը: Քառորդ դար առաջ էր՝ 1992 թվականին, երբ նորանկախ Հայաստանն անդամակցեց Հյուսիսատլանտյան համագործակցության խորհրդին՝ հիմք դնելով ՆԱՏՕ-ի հետ գործընկերային հարաբերությունների ձևավորմանը: Եվ ուրախությամբ եմ այսօր փաստում, որ այդ քառորդ դարի ընթացքում մեր փոխգործակցությունն աճել ու շարունակաբար համալրվել է նոր բովանդակությամբ՝ դառնալով Հայաստանի Հանրապետության բազմաշերտ անվտանգության համակարգի բաղադրիչներից մեկը: 
Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները, որոնք հիմնված են հստակ գիտակցված ընդհանուր շահերի և անհրաժեշտության վրա, ունեն բավական հարուստ օրակարգ: Այն ներառում է թե՛ ամենաբարձր մակարդակներում քաղաքական երկխոսություն և թե՛ գործնական համագործակցության բազմաթիվ օրինակներ», - նշել է ՀՀ նախագահը՝ միաժամանակ կարևորելով միջազգային հանրության ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ։

Ավարտելով խոսքը՝ Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Դաշինքի Գլխավոր քարտուղարի հետ հաջորդ հանդիպումը կկայանա Երևանում։

Ջերմորեն ողջունելով ՀՀ նախագահի ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում՝ Սթոլթենբերգը նշել է. «Դուք մասնակցեցիք Վարշավայի գագաթնաժողովին, որովհետև Ձեր երկիրը կարևոր ներդրում է ունեցել Աֆղանստանում իրականացվող ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելությանը: Շատ շնորհակալ եմ Աֆղանստանում ահաբեկչության դեմ պայքարին ուղղված ՆԱՏՕ-ի ռազմական ներկայությանը Հայաստանի մասնակցության և այդ գործին իր ներդրման համար: Հայաստանը նաև աջակցում է Կոսովոյում մեր խաղաղապահ առաքելությանը, ինչը նպաստում է Արևմտյան Բալկաններում կայունություն ապահովելու: Հայկական զորքերը օգնում են կայունություն հաստատել այդ երկրներում: Մենք երախտապարտ ենք Ձեր ներդրած ավանդի համար, որն օգնում է Եվրոատլանտյան շրջանը դարձնել ապահով և առավել անվտանգ։ 
ՆԱՏՕ հանձնառու է աշխատել ինչպես Հայաստանի, այնպես էլ մյուս գործընկերների հետ, որովհետև համագործակցությունը ՆԱՏՕ-ի և Հայաստանի միջև բխում է երկու կողմերի շահերից էլ: Այժմ մենք մշակում ենք նոր Անհատական գործընկերության գործողությունների ծրագիր, որ համապատասխանեցված է Ձեր կարիքներին և պահանջներին: Առավել սերտ համագործակցության ներուժ եմ տեսնում փոխգործակցելիության, պաշտպանական բարեփոխումների և այդ ոլորտում կրթության ոլորտներում: ՆԱՏՕ-ն և մեր դաշնակիցները ունեն զգալի փորձառություն պաշտպանության և անվտանգության ոլորտների բարեփոխումների համար: Հայաստանը կարող է ապավինել այդ ռեսուրսներին»։     

Անդրադանալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարը վստահեցրել է, որ իրենք լիովին սատարում են Մինսկի խմբի ջանքերն ուղղված հակամարտության խաղաղ կարգավորմանը։  

«Մենք քննարկեցինք նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Ես մտահոգված եմ շփման գծում շարունակական խախտումներով, ներառյալ՝ այս հանգստյան օրերին: Շատ կարևոր է խուսափել լարվածության աճից, որովհետև այս հակամարտությունը ռազմական լուծում չունի: Դրա շարունակականությունը ետ է մղում ողջ տարածաշրջանի զարգացումը: Ուստի մենք խրախուսում ենք և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին վերադառնալ բանակցային սեղանի շուրջ և աշխատել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ», - ավելացրել է Սթոլթենբերգը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.