Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հետ

Մարտի 3-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից։

Աղբյուրը նշում է, որ երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները զրույցի ընթացքում անդրադարձել են օրակարգային մի շարք հարցերի՝ այդ թվում նաև առևտրատնտեսական փոխգործակցության ընդլայման վերաբերյալ։ Քննարկվել է տարածաշրջանային և միջազգային մի շարք հրատապ խնդիրներ։  

ՀՀ արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքը գրում է. «ԱՄՆ պետքարտուղարը երախտագիտություն հայտնեց միջազգային խաղաղապահ գործողություններին Հայաստանի նշանակալի ներդրման համար։ Ռեքս Թիլերսոնը բարձր գնահատեց Սիրիայից տասնյակ հազարավոր փախստականներին Հայաստանում ապաստան տալու հանգամանքը։

Էդվարդ Նալբանդյանն ու Ռեքս Թիլերսոնը մտքեր փոխանակեցին ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու նպատակով ձեռնարկվող քայլերի շուրջ։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրեց հակամարտության գոտում վերջին զարգացումները։ Այս համատեքստում շեշտվեց անցյալ տարի Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունը։ Պետքարտուղար Թիլերսոնը վստահեցրեց, որ ԱՄՆ-ն շարունակելու է ակտիվ աջակցությունը հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը»։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.