Թուրքիայում ձերբակալված ռուս կինը մեղադրվում է դեսպան Անդրեյ Կարլովի սպանության հետ կապ ունենալու մեջ

Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է ռուս Եկատերինա Բ.-ին, որը մեղադրվում է Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովի սպանության հետ առնչություն ունենալու մեջ։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով թուրքական A Haber լրատվականին։

Նշվում է, որ նախորդ տարվա նոյեմբերին վերոնշյալ կինը զանգահարել է մարդասպան Մևլութ Մերթ Ալթընթաշին, ինչպես նաև Անկարայի ռուսական մշակույթի կենտրոն։ Հարցաքննության ժամանակ կինը խոստովանել է, որ կապվել է Ալթընթաշի հետ հիմնականում նամակագրության միջոցով։

Թուրքական Sabah թերթի հաղորդած տվյալների համաձայն՝ 33-ամյա Եկատերինան Անկարայում զբաղվում էր կավատությամբ։

Ներկա պահին կինը դատարանի որոշմամբ գտնվում է Անկարայի բանտերից մեկում՝ հատուկ հսկողության տակ։

Նշենք, որ նախորդ տարվա դեկտեմբերի 19-ին Անկարայի Ժամանակակից արվեստների կենտրոնում ցուցահանդեսի ժամանակ սպանվել էր Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովը։ Մարդասպանը, որը ոչնչացվել էր հատուկ գործողության արդյունքում, 22-ամյա Մևլութ Մերթ Ալթընթաշն էր։ Նա Իզմիրի ոստիկանական դպրոցի շրջանավարտ էր և 2.5 տարի աշխատել էր Անկարայի ոստիկանությունում։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.