Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը
Հայաստանը և Ադրբեջանը դեռևս հեռու են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ որոշակի համաձայնության հասնելուց։ Այս մասին հատարարել է Սերգեյ Լավրովը Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ ունեցած հանդիպումից հետո տված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
«Մենք կարծում ենք, որ ղարաբաղյան հակամարտությունը ենթակա է կարգավորման։ Այս մասին են խոսում բազմամյա կոնտակտները, որոնց շնորհիվ հաջողվել է հակամարտության առանցքային հարցերի շուրջ որոշակի համաձայնության գալ. դրանք, առաջին հերթին, Ադրբեջանի վերահսկողության տակ չգտնվող Ղարաբաղի շրջակա տարածքների վերադարձի, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման մասին հարցերն են», - ասել է ՌԴ արտգործնախարարը։
Նրա խոսքով՝ դեռևս մի քանի առանցքային հարց կա, որի շուրջ անրաժեշտ է համաձայնության գալ։ Լավրովը նշել է նաև, որ դեռևս վաղ է այդ հարցերի շուրջ կողմերի ընդհանուր մոտեցումը տեսնելու համար։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովն իր հերթին նշել է, որ այսօր Բաքվի ամենակարևոր խնդիրը հայ-ադրբեջանական հարաբերություններն են։
«Ռուսաստանը լուրջ քայլեր է կատարում ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ։ Մենք այսօր պարոն Լավրովի հետ մանրամասն քննարկեցինք դա։ Առաջ շարժվելու որոշակի հեռանկար կա, բայց ամեն ինչ Ադրբեջանից կախված չէ։ Իհարկե, այս հարցում մեծ դեր պետք է խաղա նաև հայկական կողմը, որպեսզի ընդունի սեղանին դրված առաջարկները», - ասել է Մամեդյարովը։
Ասուլիսի վերջում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ընդգծել է, որ Մոսկվան և Բաքուն հաստատել են իրենց հետաքրքրությունը ռուս-ադրբեջանական միջտարածաշրջանային համաժողովին, որը նախատեսվում է անցկացնել այս տարվա աշնանը Ստավրոպոլում։