ՀՀ կառավարության պատվիրակությունը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին

Երեկ՝ մարտի 7-ին, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին: Այս մասին հայտնում է կառավարության պաշտոնական կայքը (gov.am)։

Աղբյուրը գրում է, որ նիստին քննարկվել են ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսությունների ինտեգրացիոն փոխգործակցությանը և տնտեսական հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցեր։ Օրակարգային հարցերի շարքում առանձնակի կարևորվել է ԵԱՏՄ-երրորդ երկրներ առևտրային բանակցությունների վարման ընթացքը։ Այս առնչությամբ հայկական կողմը վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ ակտիվ ներգրավվածություն ունենալ և առաջ մղել ԵԱՏՄ-Իրան բանակցային գործընթացը: 

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն իր ելույթում շնորհակալություն է հայտնել Ղրղզստան վարչապետին։ «Այս տարվա մեր առաջին նիստն անցավ կառուցողական մթնոլորտում, և այս հարթակը, որի շրջանակում լուծումներ են ստանում տնտեսական հարաբերությունների ակտիվացմանն ու խոչընդոտների վերացմանը վերաբերող հարցեր, ճիշտ հարթակ է: Մենք պետք է առաջ շարժվենք այս ճանապարհով: Առավել քան վստահ եմ, որ մենք դեռևս լիարժեք չենք օգտագործում այն ներուժը, որը ենթադրում է Եվրասիական տնտեսական միությունը: Հայաստանը մտադիր է հետևողական ու համակարգված աշխատել այդ ուղղությամբ», - նշել է ՀՀ վարչապետը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.