Թուրքիայի վարչապետը խոստացել է թույլատրել գերմանացի հյուպատոսներին տեսակցել ձերբակալված լրագրողին

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը խոստացել է Գերմանիայի հյուպատոսներին թույլ տալ տեսակցել Ստամբուլում ձերբակալված գերմանացի լրագրողին։ Այս մասին թուրք գործընկերոջ հետ հանդիպումից հետո հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Սիգմար Գաբրիելը. գրում է Ռիա Նովոստին։

«Մենք ցանկանում ենք ունենալ հյուպատոսական հասանելիություն։ Մի քանի օր առաջ կանցլեր Անգելա Մերկելին դա խոստացել է Թուրքիայի վարչապետը», - հայտարարել է Գերմանիայի արտաքին գերատեսչության ղեկավարը։

Հիշեցնենք, որ մարտի 5-ին ունեցած ելույթում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել էր Գերմանիայի իշխանություններին այդ երկրի տարածքում թուրքական կառավարության անդամներին սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ քարոզարշավ անցկացնելն արգելելու մեջ։ Էրդողանը Գերմանիայի վարած քաղաքականությունը համեմատել էր նացիզմի հետ։ Նա նշել էր, որ Գերմանիան անգամ մոտ չէ ժողովրդավարությանը։

Նշենք, որ ավելի վաղ Գերմանիայի Գագենաու քաղաքի իշխանությունները չեղարկել էին Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղի ելույթը, ինչից հետո վերջինս հրաժարվել էր հանդիպել գերմանացի գործընկերոջ՝ Հայկո Մաասի հետ։

Բեռլինի և Անկարայի միջև հարաբերությունները կրկին սրվել են թուրքական արմատներով գեմանացի լրագրող, Die Welt պարբերականի Թուրիայի թղթակից Դենիզ Յուջելի ձերբակալությունից հետո, որը տեղի է ունեցել փետրվարի 14-ին Ստամբուլում։ Լրագրողին մեղադրում են «ահաբեկչանական խմբավորումների հետ կապ ունենալու և ահաբեկչություն քարոզելու» մեջ։ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն Անկարայից պահանջել է անհապաղ ազատ արձակել լրագրողին։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.