Սիրիական ընդդիմությունը հրաժարվել է մասնակցել Աստանայի հանդիպմանը

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ընթացող սիրիական ճգնաժամի կարգավորման հարցով հանդիպման մասնակիցների լիագումար նիստը կկայանա այսօր՝ մարտի 15-ին։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նիստին հրաժարվել է մասնակցել սիրիական ընդդիմության պատվիրակությունը։

Ընդդիմության ներկայացուցիչները որպես պատճառաբանություն նշում են հրադադարի ռեժիմի խախտումները։ Աղբյուրը, սակայն, ամբողջովին չի բացառում ընդդիմության մասնակցությունը բանակցություններին։

Աստանայի հանդիպմանը որպես երաշխավոր երկրներ մասնակցում են Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի պատվիրակությունները։ Ներկա են նաև ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաաֆարին, Ղազախստանում ԱՄՆ դեսպան Ջորջ Քրոլը և Հորդանանի պատվիրակությունը։

Մարտի 14-ին հանդիպման մասնակիցներն անցկացրել են նախնական խորհրդակցությունները։ Բանակցությունների փուլը կեզրափակվի Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի պատվիրակությունների միջև հանդիպումով։

ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաաֆարին բանակցություններին ընդդիմության բացակայության համար մեղադրել է թուրքական կողմին։

«Սա կրկին փաստում է, որ ընդդիմությունը կառավարելի է։ Թուրքիան, որպես երաշխավոր երկիր պատասխանատվություն է կրում այս ամենի համար։ Պետք է հարցնել Թուրքիային, թե ինչու ընդդիմությունը ներկա չէ», - ասել է Ջաաֆարին։

 

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.