ԱՄՆ պետքարտուղարը կայցելի Մոսկվա

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն ապրիլին կայցելի Ռուսաստան։ Այս մասին գրում է Ռիա Նովոստին՝ հղում կատարելով պետքարտուղարության հայտարարությանը։

«Ապրիլին Թիլերսոնը «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովի շրջանակներում կմեկնի Իտալիա, որից հետո կայցելի Ռուսաստան», - հայտարարել է պետքարտուղարության ներկայացուցիչը՝ չհստակեցնելով Ռուսաստան այցելության կոնկրետ ամսաթիվը։

Ավելի վաղ «Ռոյթերս» լրատվական գործակալություն հայտնել էր, որ Ռեքս Թիլերսոնը պատրաստվում է Մոսկվա այցելել ապրիլի 12-ին։

ՌԴ արտգործնախարարությունից հայտնում են, որ իրենք չունեն որևէ տեղեկատվություն ԱՄՆ պետքարտուղարի Մոսկվա այցելության մասին։ «Եթե մենք ինչ-որ բան ունենանք այդ մասին ասելու, ապա անմիջապես կհայտարարենք», - ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռիբկովը։

Պաշտոնը զբաղեցնելուց հետո Ռեքս Թիլերսոնը մեկ անգամ արդեն հանդիպել է իր ռուս գործընկերոջը։ Փետրվարի 16-ին Բոննում կայացած այդ հանդիպմանը քննարկվել է ռուս-ամերիկյան համագործակցությանն առնչվող բազմաթիվ հարցեր։ Երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները հանդիպումը գնահատել են արդյունավետ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.