ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի անդամներից պահանջում է ավելացնել պաշտպանական ծախսերը

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հորդորել է ՆԱՏՕ-ի դաշնակից պետություններին ավելացնել պաշտպանական ծախսերը կամ երկու ամսվա ընթացքում բյուջետային նոր ծրագրեր մշակել։ Այս մասին տեղեկացնում է ամերիկյան USA Today պարբերականը։

ՆԱՏՕ-ի հետ սկզբնական բանակցությունների ընթացքում Թիլերսոնը դժգոհություն էր հայտնում, որ ԱՄՆ-ն ավելի շատ է ծախսում պաշտպանության վրա, քան դաշնակից մյուս երկրները։ Նա նշել էր նաև, որ սպասում է նախագահ Թրամփի և Դաշինքի անդամ մյուս երկրների առաջնորդների հանդիպմանը, որը կկայանա մայիսի 25-ին։

2014 թ. ՆԱՏՕ-ի դաշնակից երկրների ղեկավարները խոստացել էին դադարեցնել պաշտպանական ծախսերի կրճատումը և 2%-ով ավելացնել ՀՆԱ-ի ծավալները: Ներկայումս միայն չորս երկիր է հասել այդ արդյունքին՝ Մեծ Բրիտանիան, Էստոնիան, Հունաստանը և Լեհաստանը:

«Մեր նպատակն է համաձայնության գալ ղեկավարների մայիսյան համդիպմանը, որ մինչև տարվա վերջ դաշնակիցները կամ պետք է կատարեն գլխավոր պահանջները, կամ՝ մշակեն պարտավորությունների կատարման հստակ ծրագրեր», - նախարարներին հետ հանդիպմանը նշել է Թիլերսոնն՝ ավելացնելով, որ Դաշինքի անդամներից յուրաքանչյուրի դեմ ուղղված հարձակում կամ որևէ սպառնալիք ուղղված է բոլորի դեմ։

Նախընտրական քարոզարշավի ընթացքում Թրամփը բազմիցս նշել է, որ չի պատրաստվում պաշտպանել այն դաշնակիցներին, որոնք չեն կատարում իրենց պարտավորությունները։

Պարբերականը գրում է, որ նախորդ տարի Գերմանիան պաշտպանության վրա ծախսել է իր ընդհանուր բյուջեի 1.19%-ը։ Անդրադառնալով պաշտպանական ծախսերի ավելացման վերաբերյալ ԱՄՆ-ի պահանջներին՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Սիգմար Գաբրիելը անհավանական է համարել ծախսերը 37 միլիարդ դոլլարից 70 միլիարդի հասցնելը։ Նրա խոսքով՝ դա կնշանակի, որ Գերմանիան ավելի շատ է ծախսում պաշտպանության վրա քան Ռուսաստանը։ Գերմանիայի արտաքին գերատեսչության ղեկավարը կարևորել է նաև իրենց դերը փախստականների ընդունման հարցում։ Նա նշել է, որ Գերմանիան մեծ գումարներ է ծախսում ռազմական միջամտության ձախողման պատճառով իրենց երկիր ներգաղթած փախստականների վրա։

Հիշեցնենք, որ մարտի 18-ին Սպիտակ տանը կայացած հանդիպմանը Դոնալդ Թրամփն Անգելա Մերկելին էր ներկայացրել մոտ 375 միլիարդ դոլարի վճարման հաշիվ՝ ՆԱՏՕ-ի ծառայությունների համար։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.