ՆԱՏՕ-ն սպառնալիք է համարում Կալինինգրադում «Իսկանդեր»-ի տեղակայումը

ՆԱՏՕ-ի անդամ երկրները սպառնալիք են համարում ռուսական «Իսկանդեր» զենիթահրթիռային համակարգի տեղակայումը Կալինինգրադի շրջանում։ Այս մասին «Коммерсант»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գետտեմյուլլերը։

«Ոչ ոք չի վիճում, որ Կալինինգրադը Ռուսաստանի տարածք է, սակայն «Իսկանդեր» համակարգի տեղակայումն այնտեղ խոսում է ռազմականացման միտումների և օդային տարածքի վերահսկողության մեծացման փորձի մասին։ ՆԱՏՕ-ի անդամ երկրները, որոնք սահմանակցում են Ռուսաստանին, դա համարում են սպառնալիք իրենց անվտանգությանը», - հայտարարել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը։

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության համաեվրոպական համագործակցության վարչության պետ Անդրեյ Կելինն, իր հերթին, հայտարարել էր, որ Ռուսաստանը չի պատրաստվում հաշվետվություն տալ ՆԱՏՕ-ին Կալինինգրադի շրջան «Իսկանդեր» համակարգ տեղակայելիս։

Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հաստատել էր ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերն այն մասին, որ Ռուսաստանը «Իսկանդեր» համակերգեր է  տեղակայում Կալինինգրադի շրջանում։ ՌԴ ՊՆ ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովի խոսքով՝ ռուսական հրթիռային ուժերը վերապատրաստում են անցնում Կալինինգրադում, և ոչ ոք չի էլ փորձել գաղտնի պահել «Իսկանդեր»-ի՝ Կալինինգրադ տեղափոխումը։

Մերձբալթյան երկրների և Լեհաստանի կողմից բազմիցս հայտարարություններ են հնչել, որ Ռուսաստանը այդպիսով սպառնում է իրենց անվտանգությանը։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այս կապակցությամբ հայտարարել է, որ ՆԱՏՕ-ում լավ գիտեն, որ Ռուսաստանը որևէ մեկի վրա հարձակվելու մտադրություններ չունի։ Լավրովի խոսքով՝ Դաշինքն, առիթից օգտվելով, Ռուսաստանի սահմանների մոտ տեղակայում է ավելի շատ ռազմական տեխնիկա։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.