Թուրքիան բռնազավթել է մեր տարածքը. Ռուսաստանում Սիրիայի դեսպան

Թուրքիան «Եփրատի վահան» գործողության ավարտի մասին հայտարարելուց հետո դեռ դուրս չի բերել իր զորքերը Սիրիայի տարածքից, և Դամասկոսը դա համարում է օկուպացիա։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանում Սիրիայի դեսպան Ռիադ Հադդադը։

«Թուրքիան դեռ դուրս չի բերել իր զորքերը, և մենք նրանց համարում ենք զավթիչներ։ Մարտի 29-ին Թուրքիան հայտարարեց «Եփրատի վահան» գործողության հաջող ավարտի մասին, սակայն զորքերի դուրսբերման գործընթացը չի էլ սկսվել։ Սա համարվում է մեր տարածքների բռնազավթում», - ասել է Սիրիայի դեսպանը։

Նշենք, որ նախորդ տարվա օգոստոսի 24-ից Թուրքիայի Զինված ուժերը «Սիրիայի ազատ բանակի» օժանդակությամբ իրականացնում էին «Եփրատի վահան» ռազմական գործողությունը, որի նպատակն էր Սիրիայի հյուսիսային Ջերաբլուս և Էլ Բաբ քաղաքներն ազատագրել ԻՊ գրոհայիններից: Այս գործողությամբ Թուրքիայի իշխանությունները ցանկանում էին անվտանգության գոտի ստեղծել Սիրիայի հյուսիսային շրջաններում:

Մարտի 29-ին Թուրքիայի վարչապետ Բինալի Յըդըրըմը հայտարարել էր «Եփրատի վահան» գործողության ավարտի մասին՝ ավելացնելով, որ իրենց երկրին սպառնացող որևէ վտանգի դեպքում հնարավոր է սկսեն ռազմական նոր գործողություն։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.