ԱՄՆ-ն ահաբեկչության դեմ պայքարում չի համագործակցի Ասադի հետ. ԱՄՆ պետքարտուղարություն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը չի պատրաստվում ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում համագործակցել Սիրիայի  կառավարության հետ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը։

Լրագրողի հարցին՝ պատրաստվում է արդյոք ԱՄՆ-ի վարչակազմը Իսլամական պետության դեմ պայքարում համագործակցել Բաշար Ասադի հետ, թե ոչ, ամերիկացի դիվանագետը պատասխանել է. «Դա չի մտնում մեր ծրագրերի մեջ»։

Ռուսական ՏԱՍՍ-ը գրում է, որ Թրամփի՝ արտաքին քաղաքականության հարցերով խորհրդականներն ուրվագծել են իրենց դիրքորոշումը Ասադի հետ համագործակցելու հարցում, և դա նման չէ նախորդ նախագահ Օբամայի վարչակազմի դիրքրոշմանը. այն է՝ Ասադին հեռացնել իշխանությունից։

Մարտի 30-ին «Ռոյթերս» լրատվական գործակալությունը, հղում կատարելով ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլիի հայտարարությանը, հայտնում էր, որ ամերիկյան վարչակազմի գլխավոր նպատակը Ասադին իշխանությունից հեռացնելը չէ։

Նույն օրը ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել էր, որ Ասադի՝ իշխանության ղեկին մնալ-չմնալու հարցը որոշում է Սիրիայի ժողովուրդը։ Ամերիկյան արտաքին գերատեսչության ղեկավարը նշել է, որ այդ հայտարարությունն արվել է հաշվի առնելով երկարաժամկետ հեռանկարները։

Այս հայտարարությունից մի փոքր ուշ Նիկի Հեյլնին ասել էր. «Թիլերսոնի հայտարարությունը չի նշանակում, որ ԱՄՆ-ն կողմ է Սիրիայի նախագահական ընտրություններին Բաշար Ասադի թեկնածության առաջադրմանը։ Մենք չենք կարծում, որ Սիրիայի ժողովուրդը ցանկանում է Ասադին տեսնել իշխանության ղեկին»։

Հեյլիի խոսքով՝ Միացյալ Նահանգները, նախկինի պես, Ասադին համարում է «ռազմական հանցագործ», իսկ նրա գործողությունները՝ սիրիական ճգնաժամի խաղաղ կարգավորմանը խոչընդոտող կարևորագույն բաղադրիչ։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.