Սանկտ Պետերբուրգի ահաբեկչության զոհերի և վիրավորների ընտանիքները դրամական փոխհատուցում կստանան

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կարգադրել է դրամական օգնություն հատկացնել ապրիլի 3-ին Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի և տուժածների ընտանիքներին: Այս մասին կարդում ենք ՌԴ կառավարության պաշտոնական կայքում:

Կարգադրության համաձայն՝ Պետերբուրգի իշխանություններին մինչև 50 միլիոն ռուբլի կհատկացվի Ռուսաստանի պահուստային միջոցներից՝ միանվագ նպաստներ վճարելու համար:

Զոհվածի ընտանիքի յուրաքանչյուր անդամի կտրվի 1 միլիոն ռուբլու չափով դրամական օգնություն: Ծանր կամ միջին կարգի վնասվածք ստացած քաղաքացիները կստանան 400 հազարական, իսկ թեթև վնասվածք ստացած քաղաքացիները՝ 200 հազարական ռուբլի դրամական օգնություն:

Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին Սանկտ Պետերբուրգի մետրոյում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 14 մարդ էր զոհվել, 50-ը՝ ստացել էր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Հարուցվել է քրեական գործ՝ «ահաբեկչական գործողություն» կատարելու հոդվածով: ՌԴ քննչական կոմիտեն հաստատել է, որ պայթյունն իրականացրել է Ռուսաստանի քաղաքացի, ազգությամբ ղրղզ Ակբարժոն Ջալիլովը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.