Մոսկվան անհանգստացած է Հյուսիսային Կորեայի արձակած հրթիռներով

Հյուսիսային Կորեայի արձակած բալիստիկ հրթիռը սպառնալիք է Ռուսաստանի Հեռավոր արևելքի համար: Այս մասին այսօր՝ ապրիլի 5-ին, РИА Новости-ին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության և անվտանգության դաշնային խորհրդի հանձնաժողովի ղեկավար Վիկտոր Օզերովը:

«Մեր Հեռավոր արևելքին վտանգ է սպառնում, քանզի հրթիռի արձակման ընթացքում սխալներ կարող են լինել, և մենք պետք է զգոն լինենք մեր օդային տարածքները պաշտպանելիս»,- ասել է Օզերովը: Նա վստահեցրել է, որ օդատիեզերական ուժերի ստորաբաժանումները բարձր պատրաստվածության են բերվել:

Պատգամավորը նշել է նաև, որ Մոսկվան պատրաստ է միջամտել Փհենյանի հետ միջուկային հարցի շուրջ ընթացող բանակցություններին, եթե մյուս երկրներն այլևս չհրահրեն Հյուսիսային Կորեային: Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ն Հարավային Կորեայի հետ համատեղ զորավարժություններ է անցկացնում և տարածաշրջանում զարգացնում հակահրթիռային պաշտպանության համակարգը:

Ավելի վաղ «Յոնհապ» տեղեկատվական գործակալությունը տարածել էր Հարավային Կորեայի պաշտպանության նախարարության հայտարարությունը, ըստ որի՝ Հյուսիսային Կորեայի տարածքից «անհայտ հրթիռ» է արձակվել ճապոնական ծովի ուղղությամբ: ԱՄՆ Զինված ուժերի խաղաղօվկիանոսյան հրամանատարությունը հայտնել էր, որ դա միջին հեռավորության KN-15 հրթիռ է եղել: Ավելի ուշ այս տվյալները հաստատել է նաև ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը:

Մարտի սկզբին Հյուսիսային Կորեան մի քանի հրթիռ էր արձակել՝ Ճապոնիայում ամերիկյան ռազմաբազաներին հարված հասցնելու նպատակով: Դա տեղի էր ունեցել Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի համատեղ զորավարժությունների ընթացքում:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.