Հյուսիսային Կորեան սպառնում է ոչնչացնել ԱՄՆ-ի Զինված ուժերը

Հյուսիսային Կորեան սպառնում է հենց ԱՄՆ-ի տարածքում ոչնչացնել ամերիկյան զորքերը, եթե նույնիսկ չնչին ագրեսիա զգա իր նկատմամբ։ Այս մասին ասվում է հյուսիսկորեական ազգային «Նոդոն Սինմուն» թերթի ապրիլի 5-ի հրապարակման մեջ։

«Մեր դիրքորոշումն այս է. եթե Միացյալ Նահանգները փորձի հարձակման նշույլ անգամ ցույց տալ, ապա մենք կփոշիացնենք նրանց զորքերը ոչ միայն Հարավային Կորեայում, այլև հենց իրենց երկրի տարածքում», - գրում է թերթը։

Համաձայն հրապարակման՝ Հյուսիսային Կորեայի կողմից «կանխարգելիչ» այդ հարվածը կլինի բացարձակ արդարացված։

«Բավական է սեղմել կոճակը, և Ամերիկան փոշու կվերածվի։ ԱՄՆ-ն պետք է հասկանա, որ Կորեական թերակղզում ագրեսորը չի կարող խուսափել զոհերից», - նշում է Կորեայի բանվորական կուսակցության կենտրոնական կոմիտեն։

Հիշեցնենք, որ ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը Հյուսիսային Կորեան հրթիռային փորձարկում էր կատարել Սինփո բնակավայրում։ Սեուլի հայտնած տվյալների համաձայն՝ բալիստիկ հրթիռը, թռչելով մոտ 60 կիլոմետր, ընկել է ճապոնական ծովը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.