Ժամանակն է, որ Ռուսաստանը վերանայի Ասադին օգնելու նպատակահարմարության հարցը. ԱՄՆ պետքարտուղար

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը կարծում է, որ Մոսկվան պետք է լրջորեն վերանայի Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին օգնելու նպատակահարմարության հարցը։ Այս մասին հայտնում է ԱՄՆ պետքարտուղարութան մամուլի ծառայությունը։

«Մենք կասկած չունենք, որ Իդլիբում քիմիական զենքի կիրառման համար պատասխանատու է Սիրիայի կառավարությունը՝ Բաշար Ասադի գլխավորությամբ։ Կարծում ենք՝ ժամանակն է, որ Ռուսաստանը լրջորեն մտածի Ասադին օգնություն ցույց տալու նպատակահարմարության մասին», - ասել է Թիլերսոնը։

Ապրիլի 4-ին «Ռոյթերս» լրատվական գործակալությունը, հղում կատարելով Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոնի լոնդոնյան գրասենյակի աղբյուրին, հայտնել էր, որ Իդլիբ նահանգի Հան Շեյհուն քաղաքում ռուսական կամ սիրիական օդուժի հասցրած ավիահարվածների հետևանքով 58 մարդ էր զոհվել, որոնցից 11-ը՝ երեխա։ Նշվում էր նաև, որ Սիրիայի կառավարական ուժերը կիրառել են քիմիական զենք, մասնավորապես՝ տոկսիկ գազ։

Ռուսական և սիրիական զինուժը հերքել էր տեղի ունեցածի հետ իրենց առնչություն ունենալու մասին լուրերը։ Ավելի ուշ ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնում էին, որ ապրիլի 4-ի ցերեկը սիրիական օդուժը հարված է հասցրել Հան Շեյհուն քաղաքի արևելյան թաղամասերին։ Ռուսական կողմի հայտնած տվյալների համաձայն՝ ավիահարվածի արդյունքում ոչնչացվել է քիմիական զենքի պահեստ։ Նշվում է, որ նույն քիմիական զենքը ժամանակին կիրառվել է Հալեպում, ինչպես նաև ուղարկվել է Իրաք։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.