Եգիպտոսում տեղի ունեցած ահաբեկչություններն ավելի քան 40 մարդու կյանք են խլել

Ապրիլի 9-ին Եգիպտոսում երկու խոշոր ահաբեկչական գործողություն է իրականացվել: Մի քանի ժամվա տարբերությամբ ծայրահեղականները հարձակում են գործել Տանտա (Գարբիա նահանգ) և Ալեքսանդրիա քաղաքների երկու քրիտոնեական եկեղեցիների վրա: Առողջապահության նախարարության տվյալներով՝ ընդհանուր առմամբ կա 44 զոհ, որոնցից 27-ը՝ Տանտայում, 17-ը՝ Ալեքսնդրիայում. վիրավորվել է ավելի քան 100 մարդ: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

Հատկանշական է, որ ահաբեկչական գործողությունը տեղի է ունեցել Ծաղկազարդի օրը, որը նշվում է ամբողջ քրիստոնյա աշխարհում: Տանտայի Սբ. Գևորգ եկեղեցում տեղի ունեցած պայթյունից հետո դրան հարող տարածքները շրջափակվել են: Անմիջապես ձերբակալվել են երկու մարդ, որոնք կասկածվում են ահաբեկչություն իրականացնելու մեջ:

Տանտայի ահաբեկչական գործողությունից հետո Եգիպտոսի ներքին գործերի նախարարի հրամանով աշխատանքից հեռացվել է Գարբիա նահանգի անվտանգության ծառայության պետը:

Հաջորդ հարձակումը կատարվել է Ալեքսանդրիայի Սբ. Մարկոս եկեղեցու վրա: Պայթյունի ժամանակ այնտեղ է գտնվել նաև Թավադրոս 2-րդ պատրիարքը, որը, բարեբախտաբար, չի վնասվել:

Ավելի ուշ տեղի համալսարանի մոտակայքում հայտնաբերվել և վնասազերծվել է ևս մեկ պայթուցիկ սարք:

Ահաբեկչական գործողությունների հետ կապված Կահիրեում և երկրի մյուս քաղաքներում ձեռնարկվել են անվտանգության միջոցառումներ:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.