Փարիզում ահաբեկչություն է տեղի ունեցել նախագահական ընտրությունների նախօրեին

Այսօր՝ ապրիլի 21-ին՝ Ֆրանսիայի նախագահական ընտրություններից ընդամենը 3 օր առաջ, Փարիզի կետրոնական Ելիսեյան դաշտեր կոչվող վայրում փոխհրաձգություն է տեղի ունեցել: Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Պիեր-Անրի Բրանդեի տեղեկացմամբ՝ պատահարի արդյունքում մեկ ոստիկան է զոհվել, երկուսը՝ ստացել են մարմնական վնասվածքներ. կրակոցների արդյունքում տուժել է նաև մեկ օտարերկրյա քաղաքացի: Այս մասին հաղորդում է France-Presse լրատվական գործակալությունը:

«Հարձակումն իրականացնողը մեքենայով մոտեցել է հերթապահ պարեկային անձնակազմին, դուրս է եկել մեքենայից և կրակ բացել ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ: Այս ամենից հետո թողել է իր մեքենան և փախուստի դիմել, սակայն արդյունքում սպանվել է», - տեղեկացրել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը:

Ենթադրվում է, որ հարձակումն իրականացրած անձը «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմնակիցներից է:

«Հետաքննությանը հարող աղբյուրների համաձայն՝ սպանվածի մոտ Իսլամական պետությունը պաշտպանող մի երկտող է հայտնաբերվել»,- ասվում է գործակալության արած հայտարարության մեջ:

Կատարվածից մի քանի ժամ անց տեղեկություն է ստացվել, որ հարձակման պատասխանատվությունն արդեն ստանձնել է «Իսլամական պետությունը» ահաբեկչական խմբավորումը: Ծայրահեղականները հայտել են, որ ահաբեկիչը Բելգիայից ժամանած Աբու Յուսեֆ ալ-Բելջիկին է: Այս տեղեկատվությունն առայժմ պաշտոնապես չի հաստատվել Փարիզի կողմից, սակայն մի շարք ֆրանսիական լրատվամիջոցներ տեղեկացնում են, որ  հետաքննության համաձայն՝ հարձակվողը ֆրանսիական հատուկ ծառայություններին քաջ հայտնի է ահաբեկչական կապերի պատճառով:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.