Մակրոնը և Լը Պենն անցնում են երկրորդ փուլ

Ֆրանսիայի էկոնոմիկայի նախկին նախարար Էմանուել Մակրոնը և «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենը, հավաքելով, համապատասխանաբար, 23,75% և 21,53% ձայն, դուրս են եկել նախագահական ընտրությունների երկրորդ փուլ։ Այս մասին հայտնում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը՝ հղում կատարելով Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության հայտնած տվյալներին։

Երկրի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը հավաքել է ընտրողների 19,91% ձայները։ Ձախակողմյան քաղաքական կողմնորոշում ունեցող հայտնի գործիչ, եվրապատգամավոր Ժան-Լյուկ Մելանշոնը հավաքել է ձայների 19,64%-ը։ Վերջին երկուսը դուրս են մնում պայքարից։

Ֆրանսիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կայանալու է մայիսի 7-ին։ Առաջին փուլում ամենաշատ ձայներ ստացած Էմանուել Մակրոնի նախընտրական շտաբից հայտարարել են, որ պատրաստ են սկսել երկրորդ փուլին նախապատրաստվել հենց այսօրվանից՝ ապրիլի 24-ից։ Մակրոնը կարծում է, որ Լը Պենի հետ պայքարը շատ լարված է լինելու։

Հետազոտություններ անցկացնող «Իփսոս» կազմակերպության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մայիսի 7-ին կայանալիք երկրորդ փուլում ձայների 62%-38%-ի հարաբերակցությամբ կհաղթի Մակրոնը։

Ֆրանսիայում նախագահական ընտրություններն անցկացվում են 11-րդ անգամ։ Գործող նախագահ Ֆրանսուա Օլանդից առաջ երկրի ղեկավարի պաշտոնին եղել են՝ Նիկոլա Սարկոզին, Ժակ Շիրակը, Ֆրանսուա Միտերանը, Վալերի Ժիսկար դ՛Էստենը, Ժորժ Պոմպիդուն և Շառլ դը Գոլը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.