Անկարգություններ Փարիզում. 143 ցուցարար ձերբակալվել է

Փարիզի իրավապահ մարմինները նախորդ գիշեր 143 մարդ են ձերբակալել Բաստիլիա հրապարակում, որտեղ չթույլատրված հավաք է անցկացվել «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լը Պենի դեմ: Այս մասին տեղեկացնում է Փարիզի ոստիկանությունը:

Իրավապահների արած հայտարարության համաձայն՝ անկարգությունների ընթացքում տուժել է վեց ոստիկան և երեք ցուցարար, ներկա պահին դեռևս ձերբակալված է 29 մարդ: Ցույցն անցկացվել է այսպես կոչված «հակաֆաշիստական» և «հակակապիտալիստական» խմբավորումների կողմից:

Հիշեցնենք, որ ընտրության առաջին փուլի արդյունքների հայտարարումից հետո Փարիզի կենտրոնական հրապարակ էին դուրս եկել ավելի քան 300 ցուցարարներ: Ընդ որում՝ նրանք սոցիալական կայքերի միջոցով կոչ էին արել Փարիզում «բարիկադների գիշեր» անցկացնել:

Ցուցարարները քարեր, շշեր և տարբեր առարկաներ են նետել դեպքի վայր ժամանած  իրավապահ մարմինների աշխատակիցների վրա: Փարիզի գլխավոր հրապարակի արևելյան հատվածի երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել էր: Ոստիկաններին հաջողել է ցուցարարներին հեռացնել հրապարակից, որոնք, սակայն, շարունակել են անկարգություններ անել հարևան փողոցներում՝ այրելով հինգ ավտոմեքենա:

Ցուցարարների մի մասը բողոքել է նաև ընտրությունների առաջին փուլում հաղթած Էմանուել Մակրոնի դեմ՝ նրան անվանելով «բանկերի և մեծ ունեցվածքի ներկայացուցիչ»:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.