ԵՄ խորհուրդը հաստատել է առանց մուտքի արտոնագրի ռեժիմն Ուկրաինայի համար

ԵՄ խորհուրդը այսօր՝ մայիսի 11-ին, հաստատել է Ուկրաինայի համար  առանց մուտքի արտոնագրի ռեժիմ սահմանելու առաջարկը: Այս մասին հայտնում է կառույցի մամուլի ծառայությունը:

Այդուհանդերձ Բրյուսելը խոստացել է դադարեցնել գործընթացը, եթե Ուկրաինայում «լուրջ խնդիրներ» առաջանան կապված միգրացիայի և անվտանգության հետ:

Այժմ ԵՄ խորհրդի որոշումը պետք է ստորագրեն Եվրոպական խորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին և ԵՄ խորհուրդը նախագահող Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկաթը: Ապա որոշումը կհրապարակվի Եվրամիության պաշտոնական լրագրում, և 20 օր անց առանց մուտքի արտոնագրի ռեժիմը կմտնի ուժի մեջ:

Ինչպես նշել է Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը, ուկրաինացիները կկարողանան առանց մուտքի արտոնագրի Եվրամիություն մուտք գործել հունիսի 11-ից: Նա ԵՄ-ի այս որոշումը համեմատել է Բեռլինի պատի անկման հետ:

ՌԴ արտաքին գործերի նախարարությունում Բրյուսելի որոշումն անվանել են «խայծ, որը փոքր-ինչ կթեթևացնի գործող համակարգը»:

Ուկրաինայի քաղաքացիները կարող են շենգենյան գոտու երկրներում գտնվել կես տարվա ընթացքում 90 օրից ոչ ավել: Առանց մուտքի արտոնագրի ռեժիմը Եվրամիության երկրներում աշխատելու թույլտվություն չի տալիս: Կարճաժամկետ այցի նպատակը կարող է լինել զբոսաշրջությունը, բիզնեսը, մշակութային միջոցառումներին մասնակցությունը և այլն։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.