Ռուսական ՀՕՊ համակարգերը ամերիկյան հետախուզական թռչող սարք են նկատել Սև ծովի երկնքում

Ռուսական հակաօդային պաշտպանության հսկող սարքերը Սև ծովի երկնքում նկատել են ամերիկյան հետախուզական RQ-4 Global Hawk տեսակի անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով ռազմական աղբյուրներին։

«Երեկ՝ մայիսի 12-ին, Սև ծովի օդային տարածքում նկատվել է ամերիկյան ռազմավարական հետախուզական Global Hawk անօդաչու սարքը, որը թռչել է մեծ բարձրության վրա՝ շարժվելով դեպի Ռուսաստանի սահմանները», - ասել է ՌԴ պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչը։

Աղբյուրը նշում է նաև, որ ամերիկյան ինքնաթիռները պարբերաբար կատարում են այսպիսի թռիչքներ։

Հիշեցնենք, որ նմանատիպ դեպք տեղի էր ունեցել նաև մայիսի 9-ին։ Ռուսական Սու-30 կործանիչն օդ էր բարձրացել՝ նկատելով որ Ռուսաստանի սահմաններին է մոտենում ամերիկյան «Փոսեյդոն» հետախուզական ինքնաթիռը։ Վերջինս փոխել էր թռիչքի ուղղությունը՝ նկատելով մոտեցող կործանիչը։

Նշենք, որ ամերիկյան RQ-4 Global Hawk անօդաչու թռչող սարքը կարող է զարգացնել մինչև 800 կմ/ժ արագություն և թռիչքներ կատարել մինչև 20 կիլոմետր բարձրության վրա։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.