Մակրոնը վարչապետ է նշանակել հանրապետական Էդուարդ Ֆիլիպին

Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնը երկրի վարչապետ է նշանակել աջ կենտրոնամետ հանրապետական կուսակցության անդամ Էդուարդ Ֆիլիպին: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:

«Այս ընտրությամբ Մակրոնը ցույց տվեց, որ ցանկանում է իր կողմը գրավել ֆրանսիական քաղաքականության աջակողմյան և ձախակողմյան կուսակցությունների գլխավոր ներկայացուցիչներին», - գրում է լրատվականը:

BBC-ի փոխանցմամբ՝ նորանշանակ վարչապետը հյուսիսային նավահանգստային Լե Հավր քաղաքի քաղաքապետն էր: Նա նաև 2016 թ. նոյեմբերին հանրապետական կուսակցության կողմից առաջադրված թեկնածու Ալեն Ժուպեի մտերիմն է:

Հաջորդ ամիս նախագահ Մակրոնին խորհրդարանական վճռական ընտրություններ են սպասվում, և նա կունենա կետրոնամետ կուսակցության աջակցության կարիքն իր տնտեսական բարեփոխումներն իրականացնելու համար:

Հիշեցնենք, որ 39-ամյա նախկին գործարար և էկոնոմիկայի նախարար Մակրոնի երդմնակալության արարողությունը տեղի ունեցավ մայիսի 14-ին Ելիսեյան պալատում:

Մակրոնի նորաստեղծ «Շարժվող հանրապետություն» (La République en Marche) կուսակցությունն անցյալ շաբաթ 428 թեկնածուներից կազմված ցուցակ է ներկայացրել հունիսին կայանալիք ընտրությունների համար. թեկնածուների 50%-ը կանայք են:

BBC-ի տեղեկացմամբ՝ առաջիկայում Մակրոնին սպասվող ամենակարևոր իրադարձությունը կանցլեր Մերկելի հետ Բեռնիլում կայանալիք հանդիպումն է։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.