ԵԱՀԿ Մինսկի խումբն առաջին անգամ հասցեական հայտարարություն է տարածել

Մայիսի 18-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) և Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
«Տարբեր հավաստի աղբյուրներից ստացված տեղեկությունների համաձայն՝ մայիսի 15-ին ադրբեջանական կողմը հրթիռային կրակ է բացել շփման գծի երկայնքով։ Մայիսի 16-ին և 17-ին հայկական զինված ուժերը պատասխանել են՝ կրակելով տարբեր տրամաչափի զինատեսակներից։ Երկու կողմերի գործողութոյւններն էլ հրադադարի ռեժիմի խախտում են և տագնապի տեղիք են տալիս», - նշված է ԵԱՀԿ պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ։
Համանախագահները նշել են նաև, որ այդ իրադարձությունների վերաբերյալ հակասական տեղեկություններ են հաղորդվում, և իրենք շարունակելու են հավաքագրել լրացուցիչ տեղեկություններ կատարվածի վերաբերյալ ամբողջական պատկերացում կազմելու համար։
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դատապարտում են նման գործողությունները և կոչ են անում ձեռնարկել բոլոր անհաժեշտ միջոցառումները շփման գծում հետագա լարվածությունից խուսափելու համար», - ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ մայիսի 15-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ հակառակորդը կառավարվող հրթիռից կրակ էր բացել պաշտպանության բանակի ռազմական օբյեկտի ուղղությամբ, ինչի արդյունքում մասնակի վնասվել էր մեկ ռազմական տեխնիկա: Հայկական կողմը դիմել էր պատասխան գործողությունների, ինչի արդյունքում, ըստ ՊԲ համապատասխան ծառայությունների տրամադրության տակ եղած հավաստի տվյալների, ադրբեջանական կողմը կրել էր կորուստներ: