Եգիպտոսում քրիստոնյաների ավտոբուսների վրա կատարված հարձակման արդյունքում 26 մարդ է զոհվել (տեսանյութ)

Եգիպտական Էլ-Մինյա նահանգից ոչ հեռու գտնվող սուրբ Սամուելի մենաստանից քրիստոնյա ուխտավորներին տեղփոխող ավտոբուսների վրա բացված կրակահերթերի հետևանքով ավելի քան 26 մարդ է զոհվել, 30-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Այս մասին տեղեկացրել է Եգիպտոսի առողջապահության նախարարությունը:

Ալ-Ահրամ տեղեկատվական գործակալության տվյաներով՝ զոհվածների մեծ մասը երեխաներ են: Աղբյուրի փոխանցմամբ՝ ավտոբուսներից մեկում 40 երեխա է եղել, իսկ մյուսում մեծահասակներ:

Արդեն հայտնի է, որ գրոհայինները կրակ են բացել ավտոբուսների վրա երկու ամենագնացներից: Ենթադրվում է, որ հարձակմանը մասնակցել է ավելի քան տասը դիմակավորված ահաբեկիչ: Ոստիկանությունը զբաղվում է նրանց որոնողական աշխատանքներով, իսկ դեպքի վայրը շրջապատված է ներքին գործերի նախարարության հատուկ նշանակության ջոկատներով:

Վերջին կես տարվա ընթացքում Եգիպտոսում մի քանի խոշոր հարձակումներ են տեղի ունեցել, որոնց թիրախը քրիստոնյաներն են եղել: Ապրիլի սկզբին Տանտա և Ալեքսանդիա քաղաքների քրիստոնեական տաճարներում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների արդյունքում ավելի քան 45 մարդ էր զոհվել, իսկ 100-ից ավելին վիրավորվել էին: Այդ ահաբեկչությունների պատասխանատվությունն ստանձնել էր Իսլամական պետությունը:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.