Մի շարք արաբական երկրներ խզել են հարաբերությունները Կատարի հետ

Բահրեյնը խզում է դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ՝ վերջինիս մեղադրելով ահաբեկիչներին աջակցելու և Բահրեյնի ներքին գործերին խառնվելու մեջ. գրում է «Ռոյթերս»-ը:

Ինչպես նշում է «Ալ Արաբիան», երկու երկրների միջև օդային և ծովային կապն ընդհատված է: Բահրեյնն իր քաղաքացիներից պահանջել է լքել Կատարը 14 օրվա ընթացքում: Կատարի քաղաքացիները նույնպես պետք է դուրս գան Բահրեյնից երկու շաբաթվա ընթացքում, իսկ դիվանագիտական անձինք՝ 48 ժամվա ընթացքում:

«Կատարը Բահրեյնում քաոս է առաջացրել՝ ամենաակնհայտ ձևով խախտելով միջազգային իրավունքի բոլոր համաձայնագրերն ու սկզբունքները՝ ուշադրություն չդարձնելով արժեքների, օրենքների, բարոյականության վրա, ոտնահարելով բարիդրացիական հարաբերությունների սկզբունքները և չկատարելով նախկինում տված խոստումները»,- ասվում է Մանամայի պաշտոնական հայտարարության մեջ:

Բահրեյնի օրինակին են հետևել Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և ԱՄԷ-ն՝ նույնպես խզելով դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ:

Նշենք, որ Կատարի և նրա հարևանների միջև ընդհարումն սկսվեց Ռիադում Պարսից ծոցի երկրների և ԱՄՆ-ի հանդիպումից մեկ շաբաթ անց, երբ կատարական լրատվական գործակալությունը Էմիրի անունից հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ վերջինս կողմ է Իրանի հետ հարաբերություններ հաստատելուն: Ավելի ուշ Կատարի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ գործակալության էջը կոտրված է եղել հաքերների կողմից, և դա ոչ մի կապ չունի կատարական առաջնորդի հետ:

Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Բահրեյնն այդ արդարացումը համոզիչ չեն համարում և շարունակում են պնդել, որ այդ հայտարարությունն իրոք Կատարի էմիրն է արել:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.