Թուրքիայի վարչապետը հրաժարվել է հանդիպել Գերմանիայի արտգործնախարարի հետ

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը չեղյալ է հայտարարել Գերմանիայի արտգործնախարար Սիգմար Գաբրիելի հետ հանդիպումը. այս մասին գրում է Cumhuriyet թերթը։

Թերթը նշում է, որ վարչապետը սա պատճառաբանել է «աշխատանքային գրաֆիկի ծանրաբեռնվածությամբ»։

Ռուսական «Ռիա Նովոստին» գրում է, որ Գաբրիելը պաշտոնական այցով Թուրքիայում է և արդեն հանդիպում է ունեցել ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ։ Հանդիպումից հետո հայտնի է դարձել՝ Անկարան դեռևս համաձայն չէ, որ գերմանացի պատգամավորներն այցելեն «Ինջիրլիք» ավիաբազա։ Գաբրիելը պետք է հանդիպեր նաև Յըլդըրըմի և նախագահ Էրդողանի հետ։

Տեղեկանալով, որ գերմանացի պաշտոնյաները չեն կարողացել այցելել ավիաբազա՝ կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Բեռլինը կշարունակի տարբերակներ փնտրել զինտեխնիկան թուրքական ավիաբազայից հարևան երկրներ տեղափոխելու համար։

Բանակցություններից հետո տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ Գաբրիելը նշել է, որ Բեռլինը հիասթափված է Թուրքիայի որոշումից։

Թուրքիան Գերմանիային մեղադրում է, քանի որ Բեռլինը չի արտահանձնել այն զինվորականներին, որոնք, Անկարայի կարծիքով, կապված են եղել հուլիսին երկրում կազմակերպված հեղաշրջման փորձի հետ։

Նշենք, որ  «Ինջիրլիք» ավիաբազան տարածաշրջանում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի  հիմնական ռազմաբազաներից մեկն է։ Այստեղ են Իսլամական պետության դեմ գործողություններ իրականացնող միջազգային կոալիցիայի ինքնաթիռները։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.