Ամերիկյան հատուկ ծառայությունները ռուս ցանցահեններին մեղադրում են կատարական լրատվական կայքում կեղծ նյութեր տեղադրելու մեջ

Ամերիկյան հատուկ ծառայությունները կարծում են, որ ռուս հաքերները կոտրել են Կատարի պետական լրատվական գործակալության կայքը և այնտեղ տեղադրել կեղծ լուրեր, որն էլ Կատարի և հարևանների միջև քաղաքական ճգնաժամ է առաջացրել. գրում է CNN-ը։

Հետուստաալիքի տվյալներով՝ ՀԴԲ-ն (Հետաքննությունների դաշնային բյուրո) հետախույզների մի խումբ է ուղարկել Դոհա՝ ենթադրյալ հաքերային հարձակման հետաքննությանը օգնելու համար։

Ինչպես նշում է CNN-ը, ամերիկյան հատուկ ծառայությունների ունեցած տեղեկությունը ցույց է տալիս, որ հարձակման հետևում կանգնած են հենց ռուսական հաքերները։

Ռուս հաքերների ենթադրյալ մասնակցությունն ամերիկյան հետախույզներին և իրավապահ մարմիններին առիթ է տալիս մտածելու, թե Ռուսաստանը փորձում է կրկնել դաշնակիցների դեմ կիբերհարձակումները։

Պաշտոնատար անձանց կարծիքով՝ Ռուսաստանի նպատակն իբրև թե ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին պառակտելն է։

Կատարի արտգործնախարար շեյխ Մոհամեդ բին Աբդուլռահման ալ Թանին հայտարարել է, որ ՀԴԲ-ն հաստատել է կայքը կոտրելու և կեղծ լուրեր տեղադրելու վարկածը։ «Բոլոր մեղադրանքները հիմնված են ապատեղեկատվության վրա, այս ամբողջ ճգնաժամն ապատեղեկատվության վրա է հիմնված»,- ասել է ԱԳ նախարարը։

Հիշեցնենք, որ հունիսի 5-ին Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Բահրեյնը և ԱՄԷ-ն խզել են դիվանագիտական հաաբերությունները Կատարի հետ՝ նրան մեղադրելով «Իսլամական պետություն» և  «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորումներին աջակցելու և տարածաշրջանի երկրների ներքաղաքական դրությունը ապակայունացնելու մեջ։ Ավելի ուշ նրանց օրինակին հետևեցին Եմենը, Լիբիան, Մալդիվները, Մավրիկին, ինչպես նաև Հորդանանը և Մավրիտանիան։

CNN-ի փոխանցմամբ՝ ընդհարումը տեղի է ունեցել Պարսից ծոցի երկրների գագաթնաժողովից մեկ շաբաթ անց, երբ կատարական լրատվական գործակալությունն էմիրի անունից հայտարարություն էր արել՝ նշելով Իրանի հետ հարաբերությունների բարելավման մասին։ Թեև Կատարի ԱԳՆ-ն նշել էր, որ հայտարարությունը կեղծ է, Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Բահրեյնն այդ արդարացումը բավարար չէին համարել։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.