ՌԴ ՊՆ-ն տեղեկացրել է ռուսական օդուժի հարվածի հետևանքով ԻՊ-ի առաջնորդի հնարավոր ոչնչացման մասին

ՌԴ պաշտպանության նախարարությունը ստուգում է մայիսի վերջին Ռաքքայի հարավային արվարձանին ռուսական օդուժի հասցրած հարվածի հետևանքով Իսլամական պետության առաջնորդ Իբրահիմ Աբու Բաքըր ալ-Բաղդադիի ոչնչացման մասին տեղեկատվությունը. գրում է ՏԱՍՍ-ը:

ՌԴ ՊՆ-ում մանրամասնել են, որ մայիսի 28-ի գիշերը հարված է հասցվել հրամանատարական շտաբին, որտեղ անցկացվում էր ԻՊ-ի առաջնորդների խորհրդակցությունը. վերջիններս քննարկում էին այսպես կոչված հարավային միջանցքով Ռաքքայից գրոհայինների դուրսբերման հարցը:

«Տարբեր ալիքներով ստուգվող տեղեկությունների համաձայն՝ այդ հանդիպմանը ներկա է եղել նաև ԻՊ առաջնորդ Աբու Բաքըր ալ-Բաղդադին, որը հարվածի հետևանքով սպանվել է»,- ասվում է նախարարության հայտարարության մեջ:

Ավելի վաղ ԻՊ-ի առաջնորդի մահվան մասին տեղեկացրել էին ԱՄՆ-ի զինված ուժերի ներկայացուցիչները, սակայն մի փոքր ուշ այդ տեղեկությունը հերքվել էր, իսկ ինքը՝ ալ-Բաղդադին հանդես էր եկել իր աջակիցներին ուղղված տեսաուղերձներով:

ՌԴ պաշտպանության նախարարությունում հայտնել են, որ Ռաքքայի հարավային արվարձանին ռուսական Սու-35 և Սու-34 ինքնաթիռների հասցրած հարվածների արդյունքում սպանվել են ԻՊ-ի մի շարք բարձրաստիճան հրամանատարներ, ինչպես նաև միջին կոչում ունեցող 330 դաշտային հրամանատարներ և շարքային գրոհայիններ:

«Սպանվածների թվում են Ռաքքայի էմիր Աբու ալ-Հաջի ալ-Մըսրին, Ռաքքայից մինչև Էս-Սուհնե բնակավայրն ընկած տարածքը ղեկավարող էմիր Իբրահիմ Ան-Նաեֆ ալ-Հաջը և ԻՊ-ի անվտանգության ծառայության պետ Սուլեյման Ալ-Շաուահը»,- նշել են ՊՆ-ում:

ՏԱՍՍ-ի տեղեկություններով՝ Ռուսաստանը ԱՄՆ-ին զգուշացրել է Ռաքքայի հարավային արվարձանին հարված հասցնելու մասին:

«Ռուսական օդուժի գործողությունների ժամկետների և տեղի մասին տեղեկությունն ամերիկյան կողմին նախօրոք փոխանցվել է փոխգործակցության ալիքների միջոցով»,- հաստատել են ՌԴ ՊՆ-ում:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.