Պորտուգալիայում բռնկված հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 61-ի

Պորտուգալիայում վերջին տարիներին գրանցված ամենախոշոր անտառային հրդեհի հետևաքով ավելի քան 60 մարդ է զոհվել. տեղեկացնում է Publico թերթը:

Աղբյուրի համաձայն՝ հրդեհից տուժել է ևս 60 մարդ, որոնցից շատերի վիճակը ծայրահեղ ծանր է: Իշխանությունները չեն բացառում, որ զոհերի թիվը կարող է ավելանալ:

Հրդեհն սկսվել է հունիսի 17-ին Պորտուգալիայի կետրոնական Լեյրիյա շրջանում: Աղետն ամենաշատ վնասը հասցրել է մայրաքաղաք Լիսաբոնից 200 կմ հեռավորության վրա գտնվող Պեդրոգան-Գրանդի բնակավայրին:

Պորտուգալիայի կառավարությունն ազգային սուգ է հայտարարել, որը կտևի մինչև հունիսի 20-ը. նախագահ Մարսելու Ռեբելու դե Սոուզան չեղյալ է  հայտարարել մինչ այդ նախատեսած բոլոր պաշտոնական հանդիպումները: Հրդեհի մարման աշխատանքներում ներգրավված են հարյուրավոր մարդիկ և օդային սարքավորումներ:

Հրդեհի մարման աշխատանքներին խանգարում են բարձր ջերմաստիճանը և ուժգին քամիները: Պորտուգալացի հրշեջներին օգնություն են ցույց տալիս նաև իսպանական ինքնաթիռները:

Պորտուգալիայի վարչապետ Անտոնիու Կոշտան ժամանել է դեպքի վայր: Նրա խոսքերով՝ այս պահին ամենակաևոր խնդիրներն են հրդեհի մարումը և տուժածների հարազատներին աջակցություն ցույց տալը: Կառավարության ղեկավարը կատարվածն անվանել է վերջին տարիներին երկրին պատուհասած ամենամեծ ողբերգությունը:

Ոստիկանության տվյալներով՝ հրդեհի պատճառը դիտավորյալ հրդեհումն է եղել: Մինչդեռ մասնագետները կարծում են, որ հրդեհը բռնկվել է կայծակի հետևանքով, որին նպաստել է նաև ամբողջ երկրում տիրող բարձր ջերմաստիճանը՝ մոտավորապես 40 աստիճան:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.