Ֆրանսիայի ՆԳՆ-ն հաստատել է Փարիզում ոստիկանների վրա հարձակում գործած անձի մահվան մասին լուրը

Փարիզում ոստիկանական ավտոբուսի վրա հարձակում գործած անձն սպանվել է. այս մասին լրագրողներին հայտնել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերար Կոլոնը:

«Սա արդեն երկրորդ հարձակումն է իրավապահ մարմինների վրա. այն ցույց է տալիս, թե որքան բարձր է ահաբեկչության սպառնալիքը երկրում»,- հայտնել է նախարարը:

Կոլոնը հանցագործի գործողությունները որակել է որպես ահաբեկչություն իրականացնելու փորձ: Նա հայտնել է, որ դեպքի առիթով հետաքննություն է անցկացվում, իսկ դեպքի վայրում հետաքննչական խումբ է աշխատում:

Այդուհանդերձ, նախարարն ընդգծել է, որ երկրում շարունակում է գործել արտակարգ դրության ռեժիմը, որը Ֆրանսիայում սահմանվել էր 2015 թ. ահաբեկչական գործողություններից հետո: «Հունիսի 21-ին կայանալիք Նախարարների խորհրդի նիստի ժամանակ ես կնեկայացնեմ արտակարգ դրության ռեժիմը երկարաձգելու հետ կապված օրենքի նախագիծը»,- հայտնել է Կոլոնը:

Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, հանցագործը, որը պոտենցիալ վտանգավոր իսլամիստների ցուցակում էր, մեքենայով մխրճվել էր Ելիսեյան դաշտում կանգնած ոստիկանական ավտոբուսի մեջ: Միջադեպը տեղի է ունեցել Ելիսեյան պալատից 250 մ հեռավորության վրա։ Հատկանշական է, որ Ելիսեյան դաշտի այդ հատվածը առավել պաշտպանված տարածքներից է:

Ոստիկանության տվյալներով՝ իրավապահ մարմիններից և անցորդներից ոչ ոք չի տուժել: Հայտնի է, որ հանցագործի մեքենայում «կալաշնիկով» տեսակի հրացան և գազի բալոն է հայտնաբերվել:

Վերջին երկու ամիսների ընթացքում սա երկրորդ հարձակումն է Ելիսեյան դաշտում հսկողություն իրականացնող ոստիկանների վրա: Ապրիլի վերջին 39-ամյա ֆրանսիացի Շերֆին ինքնաձիգից կրակ էր բացել իրավապահների ուղղությամբ, ինչի հետևանքով նրանցից մեկը զոհվել էր, իսկ երկուս՝ վիրավորվել:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.