Արաբական երկրները Կատարին ներկայացրել են իրենց պահանջների ցանկը․ AP

Արաբական չորս երկրներ Կատարից պահանջում են խզել դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ, փակել թուրքական ռազմաբազան և վերացնել «Ալ Ջազիրա» արբանյակային հեռուստաալիքը։ Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, ԱՄԷ-ն և Բահրեյնը Քուվեյթի միջնորդությամբ Կատարի իշխանություններին են փոխանցել իրենց պահանջների ցանկը։

Ցանկի հեղինակները պահանջում են, որ Կատարը դադարեցնի այնտեղ գտնվող իրենց քաղաքացիների հպատակագրումը և արտահանձնի վերջիններիս։ Դոհայից պահանջվում է նաև այդ չորս երկրների իշխանություններին հանձնել վերջիններիս կողմից հետախուզվող անձանց, որոնք մեղադրվում են ահաբեկչություն կատարելու մեջ։

Պահանջները կատարելու համար Կատարին տրվում է 10 օր։

Հիշեցնենք, որ հունիսի 5-ին Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Բահրեյնը և ԱՄԷ-ն խզել են դիվանագիտական հաաբերությունները Կատարի հետ՝ նրան մեղադրելով «Իսլամական պետություն» և  «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորումներին աջակցելու և տարածաշրջանի երկրների ներքաղաքական դրությունը ապակայունացնելու մեջ։ Ավելի ուշ նրանց օրինակին հետևեցին Եմենը, Լիբիան, Մալդիվները, Մավրիկին, ինչպես նաև Հորդանանը և Մավրիտանիան։

Սկանդալը հասունացել էր Պարսից ծոցի երկրների գագաթնաժողովից մեկ շաբաթ անց, երբ կատարական լրատվական գործակալությունն էմիրի անունից հայտարարություն էր արել՝ նշելով Իրանի հետ հարաբերությունների բարելավման մասին։ Թեև Կատարի ԱԳՆ-ն նշել էր, որ հայտարարությունը կեղծ է, Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Բահրեյնն այդ արդարացումը բավարար չէին համարել։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.