Վիրջինիայի բնակիչը մեղադրվում է լրտեսության մեջ

ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգի Լիսբուրգ քաղաքի 60-ամյա բնակիչ Քեվին Պատրիկ Մելորին այսօր ներկայացել է դաշնային դատարանին՝ չինացի գործակալին հույժ գաղտնի փաստաթղթեր փոխանցելու մեղադրանքով: Մեղադրող կողմի ցուցմունքների համաձայն՝ 2017 թ. մարտին և ապրիլին Մելորին մեկնել է Շանհայ և այնտեղ հանդիպել Չինաստանի մի քաղաքացու հետ, որը, նրա հավաստմամբ, աշխատել է Չինաստանի ժողովրդավարական հանրապետության հետախուզական ծառայությունում. այս մասին տեղեկացնում է Justice News-ը:

Հայցը ներկայացվել է Ազգային անվտանգության հարցերով գլխավոր դատախազի օգնական, Վիրջինիայի արևելյան շրջանի դատախազ Դանա Ջ. Բենտեի և ՀԴԲ-ի վաշինգտոնյան գրասենյակի տնօրենի օգնական Էնդրյու Վ. Վեյլի կողմից:

«Քեվին Մելորիին նախկինում վստահված են եղել հույժ գաղտնի տեղեկություններ, որոնք նա ենթադրաբար հաղորդել է օտար երկրի կառավարության ներկայացուցիչներին և մտադիր է եղել շարունակել լրտեսությունը: Բացի այդ, հարցաքննությունների ընթացքում նա քննիչներին սխալ տեղեկություններ է տրամադրել իր գործունեության վերաբերյալ: ՀԴԲ-ն կշարունակի այն անձանց գործերի հետաքննությունը, որոնք վտանգի տակ են դնում ազգային անվտանգությունը՝ տեղեկատվության ապօրինի հրապարակմամբ»,- հայտարարել է Վեյլը:

Մայիսի 24-ին ՀԴԲ-ի գործակալների անցկացրած հարցաքննության ժամանակ Մելորին հայտնել է, որ Չինաստանի քաղաքացին ներկայացել է որպես Շանհայի հասարակական գիտությունների ակադեմիայի (ՇՀԳԱ) աշխատակից: ՀԴԲ-ի փոխանցմամբ՝ 2014 թ.-ից ի վեր Չինաստանի հետախուզական ծառայության գործակալները ներկայանում են ՇՀԳԱ-ի աշխատակիցների անվան տակ:

Justice News-ի փոխանցմամբ՝ Մելորին մարտին և ապրիլին Շանհայ է մեկնել Չինաստանի քաղաքացուն և նրա ղեկավարին հանդիպելու նպատակով: Երբ Մելորին համաձայնել էր ցույց տալ այն սարքը, որով կապ է հաստատել Չինաստանի քաղաքացու հետ, ՀԴԲ-ի գործակալները պարզել էին, որ Մելորին ութ տարբեր փաստաթղթեր է կոդավորված ձևով ուղարկել նրան. դրանցից երեքը հույժ գաղտնի տեղեկատվություն են պարունակել ԱՄՆ-ի կառավարական գործակալության վերաբերյալ:

Մելորին ԱՄՆ-ի քաղաքացի է, որն աշխատում է GlobalEx ՍՊԸ-ում և շատ լավ տիրապետում է չինարենին: Նա աշխատել է մի շարք կառավարական գործակալություններում, որի շնորհիվ էլ նրան հասանելի են եղել մի շարք հույժ գաղտնի տեղեկություններ մինչև 2012 թ. հոկտեմբեր, երբ նա ազատվել է աշխատանքից: Մեղավոր ճանաչվելու դեպքում Մելորիին ցմահ բանտարկություն է սպասվում:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.