Կատարն անիրականանալի է համարում արաբական երկրների ներկայացրած պահանջները

Կատարն անիրականանալի է համարում դիվանագիտական ճգնաժամը հաղթահարելու համար արաբական երկրների առաջ քաշած պահանջները՝ կոչ անելով վերանայել դրանք։ Այս մասին հայտնում է «Ալ Արաբիյա» հեռուստաալիքը՝ հղում կատարելով Կատարի ԱԳ նախարար Մուհամադ բեն Աբդուռահման Ալ Թանիի հայտարարությանը։

Նրա խոսքով՝ Կատարի նկատմամբ կիրառված պատժամիջոցները միջազգային իրավունքի և պետության ինքնիշխանության կոպիտ խախտում են։  

«Ալ Ջազիրա» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Կատարի ԱԳՆ-ն փաստաթուղթն ուսումնասիրելուց հետո Քուվեյթի միջոցով համարժեք պատասխան կուղարկի։

Ավելի վաղ Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, ԱՄԷ-ն և Բահրեյնը Քուվեյթի միջնորդությամբ Կատարի իշխանություններին էին հանձնել իրենց պահանջների ցանկը, որոնք կատարելու դեպքում միայն կվերացվի Դոհայի դիվանագիտական մեկուսացումը։ Արաբական չորս երկրները Կատարից պահանջում են խզել դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ, փակել թուրքական ռազմաբազան և վերացնել «Ալ Ջազիրա» արբանյակային հեռուստաալիքը։ Պահանջների կատարման համար Դոհային տրվել է 10 օր։

Հիշեցնենք, որ հունիսի 5-ին Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Բահրեյնը և ԱՄԷ-ն խզել են դիվանագիտական հաաբերությունները Կատարի հետ՝ նրան մեղադրելով «Իսլամական պետություն» և  «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորումներին աջակցելու և տարածաշրջանի երկրների ներքաղաքական դրությունը ապակայունացնելու մեջ։ Ավելի ուշ նրանց օրինակին հետևեցին Եմենը, Լիբիան, Մալդիվները, Մավրիկին, ինչպես նաև Հորդանանը և Մավրիտանիան։

Սկանդալը հասունացել էր Պարսից ծոցի երկրների գագաթնաժողովից մեկ շաբաթ անց, երբ կատարական լրատվական գործակալությունն էմիրի անունից հայտարարություն էր արել՝ նշելով Իրանի հետ հարաբերությունների բարելավման մասին։ Թեև Կատարի ԱԳՆ-ն նշել էր, որ հայտարարությունը կեղծ է, Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Բահրեյնն այդ արդարացումը բավարար չէին համարել։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.