ՌԴ Պետդումայում առաջարկում են ավելացնել կաշառակերության համար նախատեսված պատժի չափը

Ռուսաստանի Դաշնության օրենսդիրներն առաջարկում են խստացել կաշառք տվողի և վերցնողի համար նախատեսված պատիժը՝ հասցնելով այն մինչև չորս տարվա ազատազրկման, ինչպես նաև քրեական օրենսգիրք մտցնել «ոչ նյութական կաշառքի» գաղափարը։ Այս մասին գրում է «Իզվեստիա» թերթը։

Քրեական օրենսգրքում փոփոխություններն առաջարկել է Պետդումայի՝ անվտանգության և հակակոռուպցիոն հանձնաժողովը։ Նախագծի համահեղինակ, հանձնաժողովի փոխնախագահ Անատոլի Վիբորնին թերթին տված հարցազրույցում նշել է, որ միջնորդ դատավորները նույնպես կներառվեն քրեական օրենսգրքի գործողության դաշտում։ Լիազորութունները չարաշահելու դեպքում նրանց սպառնում է մինչև 3 տարվա ազատազրկում։

«Առաջարկվում է խստացնել կաշաք տալու և վերցնելու համար նախատեսված պատիժը։ Այժմ այդ հանցագործության համար նախատեսված առավելագույն պատիժը, համապատասխանաբար, երկու և երեք տարվա ազատազրկումն է։ Օրինագծի համաձայն՝ ազատազրկման ժամկետն ավելանում է՝ հասնելով մինչև չորս տարվա։ Այսպիսով՝ այդ հանցագործությունն այլևս համարվելու է միջին ծանրության, իսկ դրա վաղեմության ժամկետը երկուսից դառնում է վեց տարի», - գրում է թերթը։

Ներկայիս քրեական օրենսգրքով՝ կաշառք է համարվում միայն գումարը, գույքը և ծառայությունը, որի արժեքը հնարավոր է հաշվել։ Փոփոխություններով նախատեսված է քրեական օրենսգրքում ավելացնել այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են՝ «բարոյական օգուտներ», «ոչ նյութական բնույթի ծառայություններ» և այլն։

«Դրանք կարող են լինել փոխշահավետ ծառայություններ։ Օրինակ՝ երբ բարձրաստիճան պետական պաշտոնյայի՝ անհրաժեշտ որակներ չունեցող բարեկամին վերցնում են ինչ-որ առևտրային կազմակերպությունում աշխատանքի, իսկ պաշտոնյան օգնում է բիզնեսին՝ օգտագործելով իր պաշտոնեական հնարավորությունները», - ասել է Վիբորնին։

Ծրագիրը նախատեսված է Պետդումա մտցնել մինչև գարնանային նստաշրջանի ավարտը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.