Թրամփը պատրաստվում է Պուտինի հետ հանդիպման․ Սպիտակ տան ներկայացուցիչ

Սպիտակ տանը կարծում են, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահները կհանդիպեն հուլիսի 7-8-ը Համբուրգում կայանալիք Մեծ քսանյակի երկրների գագաթնաժողովի շրջանակում, չնայած՝ այդ հարցով վերջնական որոշում դեռևս կայացված չէ։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Սպիտակ տան անանուն պաշտոնյայի հայտարարությանը։

Նույն պաշտոնյայի խոսքով՝ Թրամփն արդեն պատրաստվում է Պուտինի հետ հանդիպմանը։

Չնայած՝ Մեծ քսանյակի գագաթնաժողովին հաշված օրեր են մնացել՝ դրա շրջանակներում կայանալիք առանձին հանդիպումների մասին ոչ մի կոնկրետ տեղեկություն չի հաղորդվում։ Սպիտակ տան մամուլի ծառայության ղեկավար Շոն Սփայսերը օրեր առաջ կայացած ճեպազրույցի ընթացքում հրաժարվել էր պատասխանել հարցին, թե ցանկանում է արդյոք ԱՄՆ-ի առաջնորդը հանդիպել Ռուսաստանի նախագահի հետ։

«Թրամփը մշտապես պատրաստվում է այդպիսի հանդիպումներին։ Նա գրեթե ամեն օր լսում է հետախուզական ճեպազրույցներ, հանդիպումներ է ունենում ազգային անվտանգության հարցերով իր օգնականների և խորհրդականների հետ, շաբաթը մի քանի անգամ զրուցում է պետքարտուղարի և պաշտպանության նախարարի հետ», - նշել է Սպիտակ տան ներկայացուցիչը։

Երեկ՝ հունիսի 26-ին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Կրեմլը պատրաստ է ռուս-ամերիկյան ցանկացած ձևաչափի հանդիպման։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.