Բեռլինի կարծիքով՝ անհնար է միջազգային կարևոր խնդիրները լուծել առանց Ռուսաստանի

Աշխարհն ունի Ռուսաստանի կարիքը Սիրիայում, Լիբիայում, Աֆղանստանում և Ուկրանիայի արևելքում եղած հակամարտությունների կարգավորման հարցում. այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Գերմանիայի արտգործնախարար Սիգմար Գաբրիելը:

«Ներկայիս միջազգային խոշոր հակամարտությունները հնարավոր է լուծել միայն համագործակցության և փոխվստահության միջոցով: Կառուցողական Ռուսաստանը մեզ պետք է Սիրիայում, Լիբիայում, Աֆղանստանում և Ուկրաինայի արևելքում: Այս մասին ես կխոսեմ նաև Ռուսաստանի իմ գործընկերների հետ»,- հայտարարել է նախարարը Կրասնոդար մեկնելուց առաջ, որտեղ անցկացվելու է Ռուսաստանի և Գերմանիայի գործընկեր-քաղաքների մասնակցությամբ համաժողովը:

Պաշտոնյան ընդգծել է, որ անգամ քաղաքական դժվարին ժամանակներում անհրաժեշտ է շարունակել երկխոսությունը, քանի որ դա վստահությունը պահպանելու և խնդիրներին խաղաղ հանգուցալուծում տալու միակ ճանապարհն է:

«Անկախ քաղաքական տարաձայնություններից՝ մենք չպետք է մոռանանք, որքան սերտ և բազմաբովանդակ էին դարձել Գերմանիայի և Ռուսաստանի հարաբերություները «սառը պատերազմի» ավարտին»,- հավելել է Գաբրիելը:

Գերմանիայի արգործնախարարը նշել է նաև, որ երկկողմ հարաբերություների զարգացման գործում զգալի ներդրում ունեն քաղաքների և տարածաշրջանների միջև համագործակցությունները։

Ինչպես փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն, 14-րդ ռուս-գերմանական գործընկեր-քաղաքների համաժողովն անցկացվելու է Կրասնոդարում հունիսի 28-30-ը:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.