Լավրովն ԱՄՆ-ին արժանի հարված է խոստացել Դամասկոսի դեմ գործողություններ ձեռնարկելու դեպքում

Ռուսաստանը համապատասխան արձագանք կտա ԱՄՆ-ին, եթե վերջինս իրականացնի Դամասկոսի հասցեին հնչեցրած սպառնալիքները՝ կապված ենթադրյալ քիմիական հարձակման պատրաստման հետ. այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը գերմանացի գործընկերոջ՝ Սիգմար Գաբրիելի հետ համատեղ մամլո ասուլիսի ընթացքում:

«Ես հուսով եմ, որ այս անգամ ԱՄՆ-ն կառաջնորդվի իսկապես քիմիական զենքի տարածումը կանխելու ռեժիմի պահպանման անհրաժեշտությամբ և չի շահարկի մտացածին հետախուզական տվյալներ, որոնք իբրև թե գաղտնի են և չեն կարող հրապարակվել, սակայն իրականում պարզապես պատճառ են ահաբեկիչների դեմ պայքարող Սիրիայի կառավարական զորքերին հարված հասցնելու համար»,- Լավրովի խոսքերը փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:

Նախարարը հաստատել է, որ վերջերս ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիրլերսոնի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացում վերջինս նրան հայտնել է, որ իրենք տեղեկություններ ունեն Դամասկոսի կողմից քիմիական հարձակում նախապատրաստելու մասին: Ավելի վաղ Վաշինգտոնն Ասադին սպառնացել էր , որ այդպիսի հարձակման դեպքում «նա թանկ կվճարի»:

Հիշեցնենք, որ ապրիլին Հան-Շեյհուն քաղաքի վրա կատարված քիմիական հարձակման հետևանքով 87 մարդ էր զոհվել, մոտ 200-ը՝ վիրավորվել: Սիրիական ընդդիմությունը և Արևմուտքի երկրները հարձակման մեջ մեղադրեցին կառավարական զորքերի օդուժին: Իր հերթին Դամասկոսը հայտարարեց, որ ռազմի դաշտում քիմիական զենք չի կիրառել և չի կիրառի:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սիրիական բանակի կողմից քիմիական զենքի կիրառման մասին հայտարարությունը սադրանք է անվանել: Նրա կարծիքով՝ դա արվել է Ասադին վարկաբեկելու համար:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.