Գերմանիայի իշխանություններն արգելել են Էրդողանին ելույթ ունենալ թուրքական համայնքի առջև

Գերմանիայի կառավարությունն արգելել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ելույթ ունենալ իր հայրենակիցների առջև հաջորդ շաբաթ կայանալիք G20-ի գագաթնաժողովի շրջանակներում Համբուրգ կատարելիք այցի ժամանակ։ Այս մասին Մոսկվայում հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Սիգմար Գաբրիելը․ գրում է DPA լրատվական գործակալությունը։

«Մենք Թուրքիայի իշխանություններին հայտնել ենք, որ նման ելույթը Գերմանիայում անհնար է։ Մեր սահմանադրությունը թույլ է տալիս այդպիսի որոշում ընդունել», - ասել է Գաբրիելը։

Գերմանական կառավարության ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտը Spiegel լրատվականին տված հարցազրույցում հայտնել է, որ որոշումը համաձայնեցվել է կանցլեր Անգելա Մերկելի հետ։ «ԱԳ նախարարի հայտարարությունը համաձայնեցված է կանցլերի հետ։ Դա արտահայտում է մեր կառավարության դիրքորոշումը», - ասել է կառավարության ներկայացուցիչը։

Ավելի վաղ Սիգմար Գաբրիելը հայտնել էր, որ հունիսի 28-ին Գերմանիայի ԱԳՆ-ն պաշտոնական հարցում էր ստացել Թուրքիայից, որոց խնդրվում էր երկրի իշխանություններից թույլ տալ Էրդողանին G20-ի գագաթնաժողովին մասնակցելու համար կատարելիք այցի շրջանակում ելույթ ունենալ թուրքական համայնքի առջև։ Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ խնդրանքը մերժվել էր՝ հաշվի առնելով Անկարայի և Բեռլինի միջև առկա տարաձայնությունները։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.