ԱՄՆ-ի Սենատը վերաձևակերպել է հակառուսական պատժամիջոցների օրինագիծը

ԱՄՆ-ի Կոնգրեսի սենատը, հաշվի առնելով սահմանադրական պահանջները, վերաձևակերպել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ օրինագիծը և կրկին ուղարկել այն Ներկայացուցիչների պալատ։ ՏԱՍՍ-ը, հղում կատարելով Կոնգրեսի աղբյուրներին, տեղեկացնում է, որ նոր փաստաթուղթն ընդունվել է սենատորների «համընդհանուր համաձայնությամբ»։ Այսպիսով այն համարվում է ընդունված բոլոր 100 ձայներով, մինչդեռ անցյալ անգամ երկու օրենսդիրներ դեմ էին քվեարկել։

Մասնագետներից մեկի հավաստմամբ՝ Ներկայացուցիչների պալատն այդ օրինագծով զբաղվելու է հուլիսի 4-ից հետո, երբ ԱՄՆ-ում նշվում է գլխավոր ազգային տոնը՝ Անկախության օրը։

Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, ԱՄՆ Կոնգրեսի Սենատն աշխատանքները վերսկսելու է տոնական արձակուրդից հետո՝ հուլիսի 10-ին, իսկ Ներկայացուցիչների պալատը՝ հուլիսի 11-ին։ Մինչ այդ՝ հուլիսի 7-8-ը, Համբուրգում կկայանա G20-ի գագաթնաժողովը, որի ժամանակ ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդներն, ամենայն հավաականությամբ, կհանդիպեն առաջին անգամ։

Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների նախնական տարբերակը հավանության էր արժանացել Սենատում երկու շաբաթ առաջ։ Ըստ փաստաթղթի՝ սահմանափակող միջոցառումներ պետք է կիրառվեն որոշակի անձանց դեմ․ դրա կետերից մեկի համաձայն՝ նախագահն իրավունք չունի ինքնուրույն որոշումներ կայացնել՝ պատժամիջոցների մեղմացման հետ կապված։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Սենատի որոշումն ընդունվել է սահմանադրական նորմերի որոշակի շեղումներով, որոնք պահանջում էին հեռացնել ԱՄՆ-ի բյուջեի եկամտի վրա ազդող կետերը։ Այժմ օրիագծի բոլոր տեխնիկական սխալներն ուղղված են։

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ Ներկայացուցիչների պալատի հանրապետական մեծամասնությունը պաշտոնապես կողմ է հակառուսական պատժամիջոցների խստացմանը, միայն թե որոշ փոփոխություններով։ Մինչդեռ Դեմոկրատական կուսակցությունը նրանց մեղադրում է այս նախաձեռնությունը Սպիտակ տան օգտին աշխատեցնելու մեջ։

Սպիտակ տունն իր հերթին չի մեկնաբանում նոր պատժամիջոցների հաստատումը, բայց սկզբունքորեն կողմ է պատժամիջոցների քաղաքականությունում «ճկունության» և արտաքին աշխարհի հետ բանակցություններ անցկացնելու իրավունքի պահպանմանը։

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.