Արաբական երկրներն ստացել են Կատարին ներկայացրած վերջնագրի պատասխանը

Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, Եգիպտոսը և ԱՄԷ-ն համատեղ հայտարարությամբ են հանդես եկել՝ նշելով, որ ստացել են Կատարի պատասխանն իրենց կողմից ներկայացված պահանջներին։ Այս մասին հայտնում է «Ալ Արաբիյա» հեռուստաալիքը։

«Կատարն արաբական չորս երկրներին ուղարկել է վերջիններիս կողմից՝ Քուվեյթի միջնորդությամբ ներկայացված պահանջների պատասխանը», - ասվում է համատեղ հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ համատեղ պատասխանը կհրապարակվի միաժամանակ։

Հիշեցնենք, որ Կատարին ներկայացված պահանջները կատարելու ժամկետի լրացուցիչ երկու օրը արդեն լրացել է։

Հունիսի 22-ին Քուվեյթը՝ որպես միջնորդ, Կատարին էր ներկայացրել հարաբերությունները վերսկսելու համար 13 պահանջներից բաղկացած ցուցակ: Ի թիվս այլ պայմանների՝ Դոհայից պահանջում են փակել «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը և խզել Իրանի հետ դիվանագիտական հարաբերությունները: Կատարը պարտավոր է նաև փակել թուրքական ռազմաբազան և դադարեցնել Անկարայի հետ ռազմական համագործակցությունը: Բացի այդ երկրից փոխհատուցում են պահանջել, որի չափը դեռևս չի նշվել: Այս պայմանների իրագործման համար Կատարին 10 օր ժամկետ էր տրվել, որը լրացել էր հուլիսի 2-ին. Քուվեյթի առաջարկով՝ այն երկարացվել էր ևս երկու օրով:

Հիշեցնենք, որ հունիսի 5-ին Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Բահրեյնը, ԱՄԷ-ն և ավելի ուշ նրանց միացած Եմենը, Լիբիան, Մալդիվները, Մավրիկին, Մավրիտանիան, Կոմորյան կղզիները հայտարարել էին Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին՝ նրան մեղադրելով արաբական երկրների ներքաղաքական իրավիճակներն ապակայունացնելու և ահաբեկչությանն աջակցելու մեջ:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.