ԱՄՆ-ի պետքարտուղարության հազարավոր աշխատակիցներ դժգոհում են ղեկավարության աշխատանքից․ WSJ

ԱՄՆ-ի պետքարտուղարության և միջազգային զարգացման գործակալության հազարավոր աշխատակիցներ դժգոհ են Դոնալդ Թրամփի վարչակազմի և Ռեքս Թիլերսոնի աջակցության բացակայությունից։ Այս մասին գրում է The Wall Street Journal թերթը՝ հղում կատարելով խորհրդատվական ընկերության կազմած հաշվետվությանը։
Թերթը գրում է, որ հաշվետվությունն առաջիկա օրերին պետք է տարածվի գերատեսչությունների աշխատակիցների միջև։ Նշվում է, որ այն կազմվել է պետքարտուղար Թիլերսոնի համար, որը փորձում է վերակազմավորել հաստատությունները բյուջեի կրճատման ֆոնին։
Հարցված 35 հազար աշխատակիցների մեծ մասը դժգոհ է գերատեսչության աշխատանքից և կասկածի տակ է դնում Սպիտակ տան և պետքարտուղարության ղեկավարության աշխատելաոճի արդյունավետությունը։
Ինչպես նշում է WSJ-ը, պետքարտուղարության աշխատակիցներն զգուշանում են բյուջեի և աշխատատեղերի հնարավոր կրճատումներից։ Բացի այդ՝ անհանգստացնող է նաև «ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության՝ պետքարտուղարություն ինտեգրվելու հեռանկարը և երկրի արտաքին քաղաքականության ռազմականացումը»։
110 էջանոց հաշվետվություն կազմելու համար պետքարտուղարությունը Insigniam խորհրդատվական ընկերությանը վճարել է մոտ 1,1 միլիոն դոլար։ Հարցումներին մասնակցել է երկու գերատեսչությունների 35386 աշխատակից։