Պուտինն ու Թրամփը քննարկել են ահաբեկչության դեմ պայքարը, Սիրիայում և Ուկրանիայում տիրող իրավիճակը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ իր ամերիկացի գործընկերոջ հետ քննարկել է Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարը, կիբերհանցագործությունները և կիբերանվտանգությունը:

«Ես բավականին երկար զրույց ունեցա ԱՄՆ-ի նախագահի հետ: Շատ հարցեր էին կուտակվել՝ Ուկրաինան, Սիրիան և այլ երկկողմ խնդիրներ: Ապա մենք կրկին անդրադարձանք ահաբեկչության դեմ պայքարին և կիբերանվտանգությանը»,- Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հետ հանդիպման ժամանակ ասել է Ռուսաստանի նախագահը:

Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, Պուտինը ներողություն է խնդրել Ճապոնիայի վարչապետից՝ իրենց հանդիպմանը մոտ մեկ ժամ ուշ ներկայանալու համար. «Ներողություն եմ խնդրում իմ և ԱՄՆ-ի նախագահի անունից»:

Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահների առաջին հանդիպումը տևել է 2 ժամ 15 րոպե. մինչ այդ նրանք միայն հեռախոսազրույցներ են ունեցել:

Սկսելով բանակցությունները՝ Պուտինը և Թրամփը կողմ են արտահայտվել երկխոսության զարգացմանը: Առաջնորդների հանդիպումն անցել է առանց լրատվամիջոցների ներկայության: Բանակցություններին մասնակցել են նաև ՌԴ-ի և ԱՄՆ-ի արտգործնախարարները:

«Թեև ես սպասում էի մեր այսօրվա հանդիպմանը, բազմիցս նշել եմ, որ Ուկրաինայի, Սիրիայի, Հյուսիսային Կորեայի և այլ համաշխարհային խնդիրների կարգավորման համար Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների հանդիպումն անհրաժեշտ է»,- ասել է Ճապոնիայի վարչապետը Պուտինի հետ հանդիպման ժամանակ:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.