Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել Լիբիայի նկատմամբ

ԵՄ-ն մի շարք արտասովոր սահմանափակումներ է սահմանել Լիբիայի նկատմամբ՝ արգելելով այդ երկիր ներմուծել փչովի նավակներ և նավերի շարժական շարժիչներ. ասվում է ԵՄ-ի Խորհրդի՝ Լիբիայի վերաբերյալ վերջնական հայտարարության մեջ: Այսպիսով նրանք փորձում են սահմանափակել Միջերկրական ծովով Եվրոպա հասնել ցանկացող ներգաղթյալների քանակը:

Արտգործնախարարները նաև որոշել են մեկ տարով՝ մինչև 2018 թ. վերջ, երկարացնել Տրիպոլիում լիբիական սահմանապահների վերապատրաստման Եվրամիության առաքելությունը:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նախարարները խոստացել են մոտ ժամանակներս որոշում կայացնել միգրացիոն հոսքերի վերահսկման ԵՄ-ի ռազմածովային գործողության՝ «Սոֆիա»-ի երկարացման վերաբերյալ: Այդ գործողությունը մեկնարկել է 2015 թ.՝ աղետի ենթարկված ներգաղթյալների նավերի փրկության և նրանց փոխադրողների դեմ պայքարի համար:

Գործնականում Եվրամիության ռազմանավերը փրկում են Լիբիայի ափամերձ տարածքներում գտնվող ներգաղթյալներով լցված նավերն ու նավակները, որից հետո նրանց տեղափոխում եմ ԵՄ տարածք: Եվրոպական սահմանապահների գործողությունների անմիջական արդյունքը դարձավ ներգաղթյալներին տեղափոխող նավերի որակի իջեցումը. եթե 2015-ին դրանք հին, բայց ծովին հարմարեցված ձկնորսական նավակներ էին, ապա այսօր՝ լաստանավեր և փչովի նավակներ:

Նշենք, որ այս տարվա սկզբից ներգաղթյաների հոսքը դեպի Եվրոպա կրկին սկսեց աճել: Նրանց հիմնական երթուղին անցնում է Լիբիայի տարածքով և Միջերկրական ծովով դեպի Իտալիա: Միջազգային միգրացիոն կազմակերպության տվյալների համաձայն՝ տարվա սկզբից այս երթուղով Եվրոպա է անցել ավելի քան 95 հազար մարդ, ճանապարհին մահացել կամ անհետ կորել է ավելի քան 2100-ը:

Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, Լիբիան ամբողջ Աֆրիկայի միգրանտների համար տարանցիկ գոտի է դարձել 2011 թ. Բենգազիում տեղի ունեցած ապստամբությունից հետո, որի արդյունքում երկրում ոչնչացան բոլոր պետական կառույցները:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.