Մադուրոյի կոշտ պատասխանը՝ Եվրամիությանը

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կարծում է, որ ընդդիմության կողմից կազմակերպված հանրաքվեն իրավական ուժ չունի: Ընդդիմությունը և նրա կողմնակիցները դեմ են քվեարկել սահմանադրական հանձնաժողովի ստեղծմանը: Մադուրոն պատրաստվում է ընտրություններ անցկացնել հուլիսի 30-ին: Նրա դիրքորոշումը քննադատել է ԵՄ-ի ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին. գրում է Euronews-ը:

«Ֆեդերիկա Մոգերինին՝ արտաքին հարցերով եվրահանձնակատարը, որոշել է մեզ սովորեցնել ինչպես ղեկավարել երկիրը: Վենեսուելան ազատ և ինքնիշխան պետություն է, մենք ոչ ոքի թույլ չենք տա խառնվել մեր ներքին գործերին: Ֆեդերիկա Մոգերի՛նի, սա քո գործը չէ: Վենեսուելան քեզ համար Եվրամիության գաղութը չէ»,- այսպիսի պատասխան է տվել Մադուրոն:

Տեսնելով իշխանությունների արձագանքը՝ ընդդիմությունը որոշել է 24-ժամյա գործադուլ անցկացնել, որը կկազմակերպվի հուլիսի 20-ին: Այս մասին տեղեկացրել է Ազգային ժողովի փոխնախագահ, «Ժողովրդավարական միասնության դաշինք»-ի անդամ Ֆրեդի Գևարան:

«Մենք պատրաստվում ենք զանգվածային խաղաղ ցույցեր իրականացնել, որոնք կուղեկցվեն մեկօրյա գործադուլով, որպեսզի ճնշում գործադրենք կառավարության վրա»,- հայտարարել է նա:

Նշենք, որ ավելի վաղ Մոգերինին կոչ էր արել Վենեսուելայի իշխանություններին դադարեցնել սահմանադրական հանձնաժողովի ստեղծման աշխատանքները՝ հասարակությունն էլ ավելի չպառակտելու համար, և հոյւս էր հայտնել, որ իշխանությունների և ընդդիմության միջև բանակցությունները կվերսկսվեն՝ երկրում տիրող ճգնաժամը հաղթահարելու համար:

Հիշեցնենք, որ ապրիլի սկզբից Վենեսուելայում շարունակվում են ընդդիմության կողմից կազմակերպված բողոքի ցույցերը, որոնց արդյունքում արդեն 91 մարդ է զոհվել, հազարից ավելին ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, մոտ 3 հազար մարդ ձերբակալվել է:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.