Հայտնի է դարձել G20-ի գագաթնաժողովի ընթացքում տեղի ունեցած ցույցերի արդյունքում գրանցված վնասի չափը

Գերմանիայի ապահովագրողների միությունը 12 միլիոն եվրո է գնահատել հուլիսի 7-8-ը Համբուրգում «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի ընթացքում քաղաքում կազմակերպված ցույցերի և անկարգությունների հասցրած վնասի չափը. այս մասին տեղեկացնում է Ռիա Նովոստի-ն՝ հղում կատարելով գերմանական աղբյուրներին:

Միության կայքում հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ խոսքը նախնական գնահատման մասին է: «G20-ի գագաթնաժողովի ընթացքում Համբուրգում տեղի ունեցած անկարգությունները 12 միլիոն եվրոյի ապահովագրական վնաս են հասցրել»,- հայտնում են ապահովագրողները:

Նրանց տեղեկությունների համաձայն՝ այդ գումարի մեկ երրորդը տրամադրվելու է վնասված ավտոմեքենաների տերերին: Գագաթնաժողովի ընթացքում ծայրահեղականները այրել են մեքենաները, կոտրել դրանց ապակիներն ու լուսարձակները: Մնացած ութ միլիոն եվրոն կտրամադրվի հարձակման ենթարկված շինությունների, խանութների և սրճարանների վերականգնմանը:

Նշենք, որ «Մեծ քսանյակի» գագաթնաժողովն անցկացվել է հուլիսի 7-8-ը Համբուրգում: Այն ուղեկցվել է հակագլոբալիստների և իրադարձության այլ ընդդիմախոսների կողմից կազմակերպված աննախադեպ անկարգություններով: Մի քանի օր շարունակ քաղաքում բախումներ էին տեղի ունենում ցուցարարների և ոստիկանության միջև, որը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ էր կիրառում ամբոխը ցրելու համար:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ ցույցերի ընթացքում ընդհանուր առմամբ 300 մարդ է ձերբակալվել, տուժել է ավելի քան 500 ոստիկան: Կատարվածը հետաքննելու համար իրավապահ մարմինները հատուկ հանձնաժողով են կազմել:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.