Պեկինն ամերիկյան անօդաչու սարքերի կրկնօրինակներ է վաճառում Վաշինգտոնի դաշնակիցներին

ԱՄՆ-ի դաշնակիցները, չկարողանալով նրանից ստանալ առավել արդիական մարտական անօդաչու թռչող սարքեր (ՄԱԹՍ), Չինաստանից գնում են դրանց ավելի էժան տարբերակները. այս մասին գրում է The Wall Street Journal-ը:

Թերթի տվյալների համաձայն՝ վերջերս ԱՄՆ-ի դաշակիցներ Սաուդյան Արաբիան և Հորդանանն ավելի հաճախ են օգտագործում չինական արտադրության մարտական անօդաչու սարքերը:

Խմբագրությունը նշում է, որ արբանյակային պատկերների ուսումնասիրման ժամանակ չինական ՄԱԹՍ-եր են հայտնաբերվել նաև Եգիպտոսի և ԱՄԷ-ի ռազմաբազաբերում: Այդ սարքերն ակտիվորեն օգտագործվում են Ռիադի կողմից Եմենին հարվածներ հասցնելու համար: Հայտնի է, որ խոսքը Predator և Reaper ամերիկյան ՄԱԹՍ-ների չինական կրկնօրինակների մասին է:

WSJ-ի փոխանցմամբ ԱՄՆ-ն արդեն երկար ժամանակ հրաժարվում է առավել հզոր անօդաչու սարքերը վաճառել արտասահմանյան երկրներին՝ այդ թվում նաև մերձավորարևելյան դաշնակիցներին: ԱՄՆ-ի գործընկերներից միայն Մեծ Բրիտանիան է, որ  Predator և Reaper ՄԱԹՍ-ների նորագույն տարբերակները գնելու իրավունք է ստացել:

Թերթը գրում է՝ ԱՄՆ-ի հիմնական մտավախությունն այն է, որ անօդաչու սարքերը կարող են հայտնվել իր թշնամիների ձեռքում, օգտագործվել քաղաքացիական անկարգությունները ճնշելու համար կամ էլ խարխլել Իսրայելի ռազմական գերակայությունը Մերձավոր Արևելքում:

Օգտվելով առիթից՝ Չինաստանը որոշել է բավարարել մարտական մեքենաների պահանջարկը՝ ԱՄՆ-ի դաշնակիցներին տրամադրելով դրանց ավելի էժան կրկնօրինակները: Խմբագրության կարծիքով՝ դա Վաշինգտոնի համար «մարտավարական և առևտրային պարտություն է»:

«Ամերիկյան առևտրային քաղաքականությունը, որը դաշնակիցներին ստիպում է զենք գնել Չինաստանից, վնասում է ԱՄՆ-ին, մերձավորարևելյան գործընկերների հետ հարաբերություններին և շուկայում մրցակցել փորձող ամերիկյան ընկերություններին»,- թերթին հայտնել է Պենտագոնի նախկին աշխատակից, Նոր ամերիկյան անվտանգության կենտրոնի ներկայացուցիչ Փոլ Շարեն:

Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչը հայտնել է, որ ԱՄՆ-ի վարչակազմն ուշադրությամբ ծանրութեթև է անում ՄԱԹՍ-ների վաճառքի քաղաքականության բոլոր կողմերը՝ միաժամանակ հետևելով նաև Չինաստանի գործողություններին:

Ահաբեկչության դեմ պայքարի և կիբերանվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի օգնական Թոմ Բոսերթն ընդգծել է, որ մարտական անօդաչու սարքերի վաճառքի հարցում անհրաժեշտ է հավասարակշռություն պահպանել տնտեսական օգուտի և անվտանգության միջև: Նրա խոսքով՝ Վաշինգտոնը հավատարիմ է մնում «տեխնոլոգիայի արտահանման ոլորտում հավասարակշռված մոտեցմանը՝ անմեղ կյանքերը վտանգի չենթարկելու համար»:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.