Դոնեցկում հռչակել են «Մալոռոսիա» պետությունը

Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների (ԴԺՀ և ԼԺՀ), ինչպես նաև Ուկրաինայի 19 շրջանների ներկայացուցիչները հայտարարել են «Մալոռոսիա» (Փոքր Ռուսաստան) պետության ստեղծման մասին: Նոր պետության ստեղծման մասին սահմանադրական հռչակագիրն ընթերցվել է ԴԺՀ-ի նախարարների խորհրդի ղեկավարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Տիմոֆեևի կողմից:

«Մենք՝ Ուկրաինայի նախկին շրջանների ներկայացուցիչներս, հայտարարում ենք նոր հանրապետության հիմնադրման մասին, որն Ուկրաինայի իրավահաջորդն է: Մենք համաձայն ենք, որ այն կոչվի «Մալոռոսիա», քանի որ Ուկրաինա անվանումն ինքնին վարկաբեկված է»,- ասվում է սահմանադրական որոշման մեջ:

Ավելի վաղ ԴԺՀ-ի առաջնորդ Ալեքսանդր Զախարչենկոն հավաքվածների համար ընթերցել էր քաղաքական հռչակագիր, որում հիմնավորված էր եղել «Մալոռոսիա»-ի ստեղծման անհրաժեշտությունը: Նրա խոսքերով՝ նոր դաշնային պետության հիմնադրման նպատակն է «դադարեցնել քաղաքացիական պատերազմը և խուսափել նոր զոհերից»:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ բոլոր ներկայացուցիչները միաձայն հաստատել են երկու փաստաթղթերը: Դոնբասի ներկայացուցիչներին իրենց աջակցությունն են առաջարկել Խարկովի, Դնեպրոպետրովսկի, Զապորոժսկի, Խերսոնսկի, Նիկոլաևսկի, Օդեսայի, Սումսկի, Պոլտավսկի, Չերնիգովսկի, Կիրովգրադի, Չերկասկի, Ռովենսկի, Վոլինսկի, Տերնոպոլի, Իվանո-Ֆրանկովսկի, Լվովի շրջանների, ինչպես նաև Կիևի ներկայացուցիչներին:

«Մալոռոսիա»-ի սահմանադրական որոշման համաձայն՝ նոր պետության մայրաքաղաքը պետք է դառնա Դոնեցկը, մինչդեռ Կիևը կպահպանի պատմամշակութային կենտրոնի կարգավիճակը: Դոնեցկի լրատվական գործակալության տվյալներով՝ նոր պետության դրոշի վրա պատկերված կլինի Բոգդան Խմելնիցկու զինանշանը:

Սահմանադրությունը նախնական տարբերակով կընդունվի սահմանադրական հանձնաժողովի կողմից, ապա համազգային հանրաքվե կկազմակերպվի այն հաստատելու համար: Մինչ այդ հանրային քննարկումներ կանցկացվեն շրջանային և դաշնային մակարդակով:

We use cookies to ensure that we give you the best experience on our website. You may delete and block all cookies from us, but certain parts of the site may not work properly.